Բացվել է Վազգեն Ա Հայրապետի արձանը

19:27 • 11.11.10

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ բացվել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձանը։

Արձանը կանգնեցվել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ: Քանդակագործն է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդրիխ Սողոյանը։

Հանդիսությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբանները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պետական այրեր, մշակույթի գործիչներ, Էջմիածնի բազում բնակիչներ:

Արարողությունը բացվել է Մայր Աթոռի միաբան Տ. Պարթև աբեղա Բարսեղյանի խոսքով, որի ավարտին Նիկոլայ Ռիժկովը ու Ֆրիդրիխ Սողոյանը հրավիրել են հանդիսավոր կերպով կատարելու Վազգեն Ա Հայրապետի հիշատակը հավերժացնող արձանի բացումը: Այնուհետև Մայր Աթոռի միաբանության անունից Ռիժկովին երախտագիտություն է հայտնել Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը` նաև անդրադառնալով երջանկահիշատակ Հայրապետի մեծ վաստակին և իրականացրած մարդասիրական ու խաղաղասիրական առաքելությանը ժողովուրդների կյանքում, ինչպես նաև կարևոր դերակատարությանը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում։

Այս առիթով հայրապետական իր օրհնության խոսքն է ասել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Խոնարհում բերելով Վազգեն Ա երանաշնորհ Հայրապետի հիշատակի առջև` մեր գնահատանքն ենք բերում մեր ժողովրդի մեծ բարեկամ Ն. Ռիժկովին ու քանդակագործ Ֆ.Սողոյանին և աղոթք բարձրացնում առ Աստված, որ Տերը մեր ժողովրդի զավակաց հոգիներում աճեցնի հայոց երջանկահիշատակ Հայրապետի սերմանած հունդերը», - նշել է Նորին Սրբությունը:

Շնորհավորական և երախտագիտության խոսքեր են ասել նաև միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Վերջում արձանի բացման կապակցությամբ ներկաներին շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովը: Իր խոսքում նա անդրադարձել է 1988թ. երկրաշարժի աղետալի օրերին իր հանդիպումներին Վազգեն Ա Հայրապետի հետ, ով այդ ծանր շրջանում հավատ ու հույս էր ներշնչում աղետյալ ժողովրդին: Այդ նկատառումով արձանի տեղադրումը Ռիժկովը համարել է ոչ թե ընծա, այլ պարտականություն մեծանուն Հայրապետի հիշատակի առջև:

Արարողության ավարտին Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի անդամներին։