Մեկնարկել է «Նորաձևության ճանապարհ՝ երկխոսության սահմանների խաչմերուկում» ծրագիրը
Հայ նկարիչ-մոդելավորողները և նրանց գործընկերները Եվրամիության երկրներից կստեղծագործեն միասին և փոխադարձ այցելությունների ընթացքում կծանոթանան միմյանց մշակույթներին` իրենց տպավորություններն ու խոհերն արտացոլելով սեփական աշխատանքներում:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Բրիտանական խորհուրդը նախաձեռնում է «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» երկամյա ծրագիրը: Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ռումինիայում, Դանիայում և Չեխիայում ստեղծագործող նկարիչ-մոդելավորողները միասին կստեղծեն 20 մասից բաղկացած մեկ ընդհանուր հավաքածու, որը կցուցադրվի Հայաստանում և ծրագրին մասնակից եվրոպական 5 երկրում: Հայաստանում և Եվրոպայում ցուցադրվելուց հետո Բրիտանական խորհուրդը հավաքածուն կնվիրի հայաստանյան թանգարաններից մեկին:
Ծրագրի նպատակն է հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողների միջև մասնագիտական կապերի հաստատումը, գիտելիքների և փորձի փոխանակումն ու համատեղ արտադրանքի ստեղծման խրախուսումը:
Մինչ հավաքածուի ստեղծումը հայ և արտերկրի 10 նկարիչ-մոդելավորող փոխայցելության միջոցով կծանոթանան միմյանց մշակույթներին, կբացահայտեն ազգային տարազների ստեղծման պատմությունն ու ավանդույթները: Այցերից հետո նրանք ձեռնամուխ կլինեն հավաքածուի ստեղծման աշխատանքներին:
Բրիտանական խորհուրդը ծրագիրն իրականացնում է Գյոթեի ինստիտուտի, Ռումինական մշակութային ինստիտուտի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխական կենտրոնի հետ համատեղ: Ծրագիրը համաֆինանսավորում է Եվրամիությունը: Հայաստանյան գործընկերն է Հայկական նորաձևության խորհուրդը:
Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 11-12-ը: Հայաստան կժամանեն Եվրամիության գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները` մասնակցելու աշխատաժողովին, որի ընթացքում կքննարկվեն ծրագրի իրականացման ընթացքն ու կսահմանվի նկարիչ-մոդելավորողների ընտրության կարգը:










