Երիտասարդները դատապարտում են «գեորգիվանյանների» կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի փառատոնը

12:00 • 12.11.10

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Բյուզանդի 1 հասցեում կմեկնարկի ադրբեջանական ֆիլմերի առաջին փառատոնը։
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն 2007-2008 թթ. Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմեր: Ֆիլմաշարի տևողությունը՝ 1 ժամ 33 րոպե: Քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում:

Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Փառատոնի մրցութային ծրագիրը կցուցադրվի նաև նոյեմբերի 13-ին, ժամը 14:00–ին, իսկ ժամը 16:00-ին կներկայացվի արտամրցութային ծրագիրը։ Կցուցադրվի 2008 թ. նկարահանված լիամետրաժ գեղարվեստական կինոնկար՝ 1 ժամ 23 րոպե տևողությամբ: Վերջում տեղի կունենա քննարկում:

Փառատոնի կազմակերպիչն է Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Նշենք, որ մի շարք երիտասարդական կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ փառատոնի անցկացման։ «Որպես հայ երիտասարդներ,դատապարտում ենք գեորգիվանյանների կազմակերպած այս միջոցառումը,ինչպես նաև նույնաբնույթ բոլոր միջոցառումները և պահանջում ենք չիրականացնել այդպիսիք մեր հողի վրա», – նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

«Կարծում ենք, որ մենք` հայաստանաբնակ հայերս, ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու բարոյական իրավունք չունենք,քանի դեռ մեր պատմական հողերի մի մասը օկուպացված է մնում տվյալ պետության կողմից,քանի դեռ հազարամյա հայկական խաչքարերը հողին են հարթեցվում,քանի դեռ ադրբեջանը հայ հովվին ստիպում է «խոստովանել իր ահաբեկիչ լինելը»,տանջամահ է անում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ այս հայտարարությունը ստորագրել են Հայազն երիտասարդների միաբանությունը, Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, «Փառքի պահապաններ» ռազմահայրենասիրական նախաձեռնությունը, Հայրենասեր պատանիների միությունը և «Վանաձորի ազգայնական ճակատը»։