Պլասիդո Դոմինգոն ճանաչվել է տարվա մարդ
Լաս Վեգասում օրերս տեղի է ունեցել իսպանալեզու շոու բիզնեսի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Latin Grammy Awards–ը։
Մրցանակաբաշխության ժամանակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն ճանաչվել է տարվա մարդ. «Ցավոք սրտի, դերասանները, ում հետ ես կիսել եմ բեմը, այլևս ինձ հետ չեն,– հայտարարել է 69-ամյա օպերային երգիչը՝ ավելացնելով.– Ես այնքան երջանիկ եմ, որ շարունակում եմ ապրել և երգել այս օրերին»։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մրցանակաբաշխությանը մասնակցել են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Էնրիկե Իգլեսիասը, Նելլի Ֆուրտադոն և այլք, իսկ Պլասիդո Դոմինգոյին մրցանակը հանձնել է Ռիկի Մարտինը։
Latin Grammy Awards –ում «Կնոջ տարվա լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նելլի Ֆուրտադոն՝իր Mi Plan ալբոմի համար, իսկ Ալեխանդրո Սանզը հաղթող է ճանաչվել «Տղամարդու տարվա լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում՝ Paraiso Express ալբոմի համար։ Երգչուհի Ալեքս Կուբան արժանացել է «Տարվա լավագույն դեբյուտ» մրցանակին։
Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն հանդես կգա Երևանում։ Համերգը նախատեսված է դեկտեմբերի սկզբին։










