Կմշակվի Հայաստանի հարավում զբոսաշրջության զարգացման ռազմավարություն
Հայաստանի հարավում զբոսաշրջությունը համեմատաբար պակաս զարգացած է։ Զբոսաշրջության Հարավային միջանցքի զարգացման ռազմավարությունը մշակելու հարցում Հայաստանին իր ծառայությունները կմատուցի AECOM խորհրդատվական ընկերությունը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Ազգային մրցանակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը։
Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են տեղանքի ենթակառուցվածքը։
««Տաթևի վերածնունդ» ծրագիրը լավ առիթ հանդիսացավ ավելի մեծ ուշադրություն գրավել դեպի հարավային տուրիզմի զարգացումը։ Անմիջապես կարիք առաջացավ արագ պլանավորել հարավային միջանցքը, քանի որ ոչ պլանավորած աշխատանքը կարող է խոչընդոտել տուրիզմին»,– ասաց նա։
Փափազյանը տեղեկացրեց, որ ծրագրի բիզնես նախագիծը պատրաստ կլինի այս տարվա վերջին կամ գալիք տարվա սկզբին։
Փափազյանը հավելեց, որ ընկերությունը ռազմավարության մշակման աշխատանքները կիրականացնի 80 հազար անգլիական ֆունտ ստեռլինգով։ Անհրաժեշտ գումարը կհատկացնի Ազգային մրցանակության հիմնադրամն իր ֆոնդից՝ պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության շրջանակներում։
Ընկերության փոխնախագահն իր հերթին նշեց, որ հարավային միջանցքը շատ յուրահատուկ տեղ է, այն կարելի է համարել համաշխարհային տեսարժան վայրերից մեկը։
Միաժամանակ նա նշեց, որ այս ծրագրի իրականացմամբ ներդրումներ կուղղվեն Հայաստանի հարավային հատված, ինչը կապահովի տնտեսական աճ։ Բացի դրանից, փոխտնօրենի խոսքով՝ զբոսաշրջության ռազմավարության մշակմամբ կստեղծվեեն նաև նոր աշխատատեղեր։










