Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ձախողվեց. Վանյանն իր մտադրությունից չի հրաժարվի
Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի առաջին փառատոնը ձախողվեց։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց փառատոնի նախաձեռնող Գեորգի Վանյանը։
Այս ձեռնարկի դեմ իրենց բողոքն էին արտահայտել բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ։
«2009 թվականից ես ուզում եմ Հայաստանում իրակացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն»,– ասաց նա։
Վանյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում 10 դահլիճների սեփականատերեր տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են փառատոնի անցկացման համար տարածք տրամադրել։
Նա հավելեց, որ փառատոնի անցկացման համար վերջին պահին հրաժարվել է դահլիճ տրամադրել նաև Բյուզանդի 1 հասցեում գտնվող դահլիճի սեփականատերը։
«Ես իմ մտադրությունից հետ չեմ կանգնելու», – նշեց նա։
Հիշեցնենք, որ փառատոնը պետք է մեկնարկեր այսօր, ժամը 16:00-ին Բյուզանդի 1 հասցեում։
Փառատոնի բացմանը նախատեսվում էր ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի, Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ելույթները։
Փառատոնի նախաձեռնողն է Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։










