«Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագրով ցուցահանդես Նկարիչների միությունում

15:06 • 13.11.10

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում` նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-ին կբացվի «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագրով ցուցահանդես։

Ցուցահանդեսը նախաձեռնել են հինգ արվեստագետ-համադրողներ` Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը: Այն կազմակերպել է «Ակադեմիա պատկերասրահը»՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և Նկարիչների միության աջակցությամբ։
Համադրողներին միավորել է կերպարվեստում կենտրոնական տեղ գրավող հարցերից մեկը` մարմինը: Կերպարվեստն իբրև առանձին արվեստի տեսակ, իր սկզբնավորման պահից մշակել է կանոններ, որոնք վերաբերել են մարդկային մարմնի պատկերմանն ու ընկալմանը:

Ցուցահանդեսում կներկայացվեն ժամանակակից 39 արվեստագետների ավելի քան 50 աշխատանքներ: Ցուցահանդեսն ուղեկցվում է կատալոգով, որի առաջաբանը գրել է մշակութաբան Հրաչ Բայադյանը:
Կատալոգում ընդգրկված են նաև համադրողների տեքստերը, որոնք տարբեր տեսանկյուններից դիտարկում են մարմին-մշակույթ-հասարակություն-արվեստ փոխհարաբերությունները:

Առանձին մասով ներկայացված է նաև Արտաշես Էմինի մերկերի հավաքածուն, ուր տեղ են գտել քսաներորդ դարի հայ հռչակավոր արվեստագետների` Վարդգես Սուրենյանցի, Ռուբեն Նաքյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի և այլոց գծանկարները:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 25-ը: