Երևանում կցուցադրվի ֆիլմ Շոպենի և Ժորժ Սանդի հարաբերությունների մասին
Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 13–14–ը կցուցադրվեն լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի մասին ֆիլմեր։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ֆիլմերի նախագծի ղեկավար Մելիք Կարապետյանը։ Ըստ նրա՝ ֆիլմերի ցուցադրությունը նվիրված է կոմպոզիտորի 200–ամյակին։
Կարապետյանը հայտնեց, որ ծրագրում ընդգրկված են 2 գեղարվեստական և մի քանի վավերագրական ֆիլմեր։
«Կան 40–ականների ու 50–ականների ֆիլմեր, որոնք այդքան էլ հայտնի չեն»,– ասաց նա։
Այսպիսով, այսօր ցուցադրվելու է ռեժիսոր Ալեքսանդր Ֆորդի «Շոպենի երիտասարդությունը» (1951թ.) ֆիլմը, իսկ ահա վաղը հանդիսատեսը կարող է վայելել Եժի Անտչակի «Շոպեն. Սիրո ցանկություն» հետաքրքրաշարժ ֆիլմը, որը պատմում է Շոպենի և սկանդալային գրող Ժորժ Սանդի ծանոթության և նրանց հարաբերությունների մասին։
Ավելացնենք, որ ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Լեհաստանի ու Հայաստանի դեսպանատների հետ համատեղ։ Ֆիլմերը կցուցադրվեն լեհերեն և անգլերեն ենթագրերով։










