Մեր հասարակության տեսած վերջին ադրբեջանական ֆիլմը Մանվել Սարիբեկյանի մասնակցությամբ էր. Արա Պապյան

10:40 • 13.11.10

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը հանդես է եկել ազգային հանդուրժողականության և ադրբեջանական ֆիլմերի մասին հոդվածով։

«Ես մեկն եմ այն մարդկանցից, որ Facebook-ի վրա միացել է ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանն ընդդիմացող նախաձեռնությանը: Արդյո՞ք, այնքան նեղմիտ ազգայնական եմ, որ դեմ եմ մշակութային շփումներին: Բնավ` ոչ: Դեռևս երկու-երեք տարի առաջ, երբ հայ քաղաքական և հասարակական գործիչների շրջանում, ինչպես միշտ օտարերկրյա ֆինանսավորմամբ, հարցախույզ էր անցկացվում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի շուրջ, ես ինքս եմ առաջարկել նախաձեռնել, ապաև ընդլայնել փոխադարձ մշակութային կապերը:

Հիմա ի՞նչ է փոխվել, որ դեմ եմ: Փոխվել է շատ կարևոր բան: Ոտնահարվել է արդարությունը, այսինքն` խախտվել է փոխադարձության սկզբունքը: Եթե Երևանում, կարծես այս անգամ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ, նպատակ կա անցկացնել ադրբեջանական ֆիլմերի դիտում, ապա Բաքվում էլ պիտի կազմակերպվի համարժեք միջոցառում, այսինքն` պիտի կազմակերպվի հայկական ֆիլմերի ցուցադրություն: Եթե սա չի արվում, ապա ամբողջ աշխարհին սխալ ուղերձ է հղվում` մարդիկ մտածում են, որ միայն հայերի մեջ հանդուրժողականություն սերմանելու կարիք կա:

Ես չեմ կարող պնդել, որ մենք արևմտյան չափանիշներով հանդուրժող հասարակություն ենք: Անտարակույս մենք հանդուրժողականության պակաս ունենք մեր իսկ հասարակության որոշ փոքրամասնությունների նկատմամբ: Այս առումով մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Սակայն հայ հասարակության հանդուրժողականության մակարդակը մի քանի գլուխ բարձր է ադրբեջանական հասարակության հանդուրժողականությունից: Եվ սա վերաբերում է ոչ միայն ազգամիջյան հարաբերություններին:

Փոխադարձության սկզբունքը կարևորագույն սկզբունք է միջպետական հարաբերություններում: Այն անշեղորեն պետք է պահպանել: Միջպետական հարաբերություններում որևէ չարդարացված զիջում մեր տարածաշրջանում ընկալվում է որպես թուլության նշան և հղի է խիստ վտանգավոր հետևանքներով:

Պետք չէ մոռանալ, որ մեր հասարակության տեսած վերջին ադրբեջանական ֆիլմը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մասնակցությամբ էր»: