Գորան Բրեգովիչը երևանցիներին «Ալկոհոլ» կհյուրասիրի

17:45 • 15.11.10

Այսօր ժամը 19։30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր և երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը։ Երևանյան բեմում նա հանդես կգա իր Հարսանիքի և թաղման նվագախմբի հետ։

«Մինչև Հայաստան գալս ես լսեցի մի քանի հայկական ժողովրդական երգ», – այսօրվա ասուլիսին ասաց Բրեգովիչը։

Նա տեղեկացրեց, որ այսօրվա համերգային ծրագիրը վերջերս իրենք ներկայացրել են Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում։ «Այսօր կհնչեն երգեր ֆիլմերից, հատվածներ իմ օպերայից, նաև՝ պատարագից»,– ասաց նա։

Բացի այդ, Բրեգովիչը կներկայացնի իր նոր «Ալկոհոլ» ծրագիրը։

Նշենք, որ արդեն 10 տարի է, ինչ Բրեգովիչը ոչ մի կապ չունի կինեմատոգրաֆի հետ։

«Ֆիլմերի համար ես սկսեցի գրել միայն ընկերության համար։ Այն ժամանակ, երբ Կուստուրիցայի հետ սկսեցինք նկարահանել «Արիզոնյան երազանքը», սկսվեց պատերազմը, և մենք մնացինք Փարիզում, հետո նկարեցինք «Անդերգրաունդը»։ Պատերազմ էր, այդ ժամանակ դա միակ աշխատանքն էր», – ասաց նա՝ պատմելով Կուստուրիցայի հետ համագործակցության մասին։

Միաժամանակ երաժիշտը նշեց, որ «կյանքը այդքան էլ երկար չէ, որ այն նվիրես միայն ֆիլմերի համար երաժշտություն գրելուն»։

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստան իր այցից ստացած տպավորությունները ներկայացվեն մի նոր երգում, Բրեգովիչը պատասխանեց. «Երաժշտությունը համաճարակ չէ, որով միանգամից հնարավոր է վարակվել, այն ավելի շատ կարելի է համեմատել ՁԻԱՀ–ի հետ, որը երևում է ավելի ուշ։ Եթե դուք դեմ չեք, ես այստեղից ինչ–որ բան կգողանամ»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին Աթաթուրքի մասին պատմող «Մուստաֆա» ֆիլմով, որի համար Բրեգովիչը նույնպես երաժշտություն է գրել։ «Կարևոր է, որ այդ դարաշրջանի մասին մի ֆիլմ է նկարահանվել, այն դոկումենտալ ֆիլմ է, որտեղ խոսվում նաև ձեր ողբերգության մասին», – ասաց նա։

Բրեգովիչի կարծիքով՝ այդ դարաշրջանում Թուրքիայի դերակատարությունը աշխարհում շատ մեծ էր։

Հիշեցնենք, որ Բրեգովիչի համերգի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։