Մանանա Ասլամազյանին վերջապես հանձնեցին ТЭФИ մրցանակը

17:31 • 17.11.10

Ռուսական հեռուստատեսության ակադեմայի հիմնադրամի ղեկավար Միախայիլ Շվիդկոյը այսօր ТЭФИ մրցանակ է հանձնել լրագրող Մանանա Ասլամազյանին՝ «Ռուսական հեռուսատեսությունում անձնական ավանդի համար» անվանակարգում։
Հիշեցնենք, որ Ասլամազյանը մաքսատանը տեղի ունեցած միջադեպից հետո, ստիպված էր լքել Ռուսաստանը, իսկ նրա գլխավորած «Ինտերնյուզ» կազմակերպությունը, որը տարածաշրջանի լրագրողների համար ազատ լրագրության դասընթացներ էր կազմակերպում, փակվել էր։

Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ տեղի է ունենում Հեռարձակողների միջազգային կոնգրեսը։ Դահլիճը Ասլամազյանին դիմավորել է բուռն և երկար ծափահարություններով։ Այս մասին հայտնում է Интерфакс–ի թղթակիցը։

Շվեդկոյը մրցանակը հանձնելիս նույնիսկ կատակել է այն առնչությամբ, որ Ասլամազյանը այդ մրցանակը ստանում է հանձնման արարողությունից հետո, որը տեղի է ունեցել Պետերբերգում. «Եթե քեզ մրցանակը հանձնեին այն ժամանակ Պիտերում, որևէ մեկը չէր նկատի, իսկ այսպես դու փիար–քարոզարշավի կենտրոնում ես»,– ասել է Շվեդկոյը։

«Ես ուրախ եմ, որ այս մրցանակը ստանում եմ ընկերների շրջապատում։ Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ համար են քվեարկել։ Երբ դու երկրում չես լինում 3 տարի և քեզ հիշում ու քեզ համար քվեարկում են, ես դա չեմ մոռանա»,–հայտարարել է Ասլամազյանը։

Նա հայտնել է նաև, որ մտածում է Ռուսաստան վերադառնալու մասին։ «Ես մտածում եմ Ռուսաստան վերադառնալու մասին, սակայն առաջիկա տարվա համար ես պայամանգիր ունեմ, ես աշխատում եմ Հայաստանում»,– ասել է Ասլամազյանը։