Հայկական առաջին գրքի հրատարակման 500-ամյակը կնշվի Հայաստանում և հայկական գաղթօջախներում

16:46 • 17.11.10

Նոյեմբերի 16-ին Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը «Գրքի շաբաթվա» առթիվ «Գրքի դերը ազգերի մերձեցման գործում» թեմայով կազմակերպել է կլոր սեղան, որին մասնակցել են գրահրատարակիչներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև Թեհրանում հավատարմագրված դեսպանություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին կից գործող մշակութային կենտրոնների ղեկավարներ:

Ելույթով հանդես է եկել նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով անդրադարձել է Հայաստանում և հայկական գաղթօջախներում գրքի դերին ու նշանակությանը:

Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին «Գրքի մայրաքաղաք» հռչակելու մասին որոշմանը՝ դեսպանը խոսել է նաև 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում հրատարակված հայկական առաջին տպագիր գրքի` «Ուրբաթագրի» մասին` նշելով, որ հայկական առաջին գրքի հրատարակման 500 ամյակը մեծ շուքով նշվելու է ոչ միայն Հայաստանում, այլև` հայկական գաղթօջախներում: Դեսպանը նաեւ հավելել է, որ Մերձավոր Արևելքում առաջին տպագիր գիրքը շուրջ 400 տարի առաջ լույս է տեսել Սպահանի Նոր Ջուղայում, ինչը մեծ պատիվ է իրանահայության համար:

Դեսպան Առաքելյանն իրանական կողմին առաջարկել է երկու հարևան ժողովուրդների հոգևոր արժեքներին հաղորդակից դառնալու նպատակով մինչև 2012 թվականը նախապատրաստել համատեղ մշակութային ծրագրեր և փորձել երկու երկրների մայրաքաղաքներում անցկացնել գրքին նվիրված միջոցառումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։