Մանկապարտեզին գրքեր կնվիրեն
Մանուկներին գրքի հետ կապելու, դեռ մանկուց նրանց մեջ գրքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով նոյեմբերի 19-ին Հայաստանի Ազգային գրադարանն իր Շրջիկ գրադարանով կայցելի Երևանի Նանսենի 1 հասցեում գտնվող թիվ 99 նախապատրաստական ուսումնական հաստատություն: Բիբլիոբուսում մանուկները կծանոթանան հայ և օտարազգի մանկագիրների` Լիպարիտ Սարգսյանի, Սուրեն Մուրադյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Երվանդ Պետրոսյանի, Աթաբեկ Խնկոյանի և այլ գրողների գրքերին` մոտ 200 միավոր:
Մանկապարտեզում մանուկների հետ հանդիպմանը կմասնակցեն նաև մանկագիրներ:
Հայաստանի Ազգային գրադարանն ու մանկագիրները երեխաներին կնվիրեն մանկական գրքեր, գրենական պիտույքներ, կլինեն գրական կարճ ներկայացումներ: Կներկայացվեն խտասկավառակներ, որոնք նույնպես Ազգային գրադարանը կնվիրի մանկապարտեզին:
Մանուկների շրջանում գրքի քարոզչության այս նախաձեռնությունն Ազգային գրադարանը կդարձնի շարունակական:










