Օպերա՝ Կաֆկայի «Դատավարության» հիման վրա
Ամերիկացի կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասը Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի հիման վրա օպերա կգրի։ Այս մասին հայտնում է Wales Online–ը։
Օպերան գրվելու է հատուկ Ուելսի երաժշտական թատրոնի համար, որտեղ 2013–ին կկայանա դրա պրեմիերան։
Սա Գլասի համար Կաֆկայի հետ աշխատելու առաջին փորձը չէ. նա գրել է դաշնամուրային մանրաերգերի շարք՝ գրողի ամենահայտնի պատմվածքներից մեկի՝ «Կերպարանափոխության» հիման վրա։
Կոմպոզիտորը խոստացել է, որ «Դատավարություն» օպերան կլինի կամերային և մռայլ։
Նշենք, որ Գլասի համագործակցությունը Ուելսի թատրոնի հետ սկսվել է 1989–ին։ Այդ ժամանակից ի վեր թատրոնում բեմադրվել են Գլասի մի քանի օպերաներ, սակայն կոմպոզիտորը, ըստ թատրոնի ներկայացուցիչների, հատուկ իրենց համար առաջին անգամ է ստեղծագործություն գրում։
Ֆիլիպ Գլասը համարվում է աշխարհում ամենահայտնի ժամանակակից կոմպոզիտորներից մեկը. նրան հաջողվել է դասական երաժշտությունը մոտեցնել սովորական ունկնդրին։ Նա նաև երաժշտություններ է գրել Մարտին Սկորսեզեի, Վուդի Ալենի և այլոց ֆիլմերի համար։










