Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան է վերադառնում ավելի վստահ վաղվա օրվա հանդեպ (լուսանկարներ)

11:46 • 18.11.10

Հայաստանի ղեկավարությունն այն կարծիքին է, որ ամեն օր պետք է աշխատել Սփյուռքի հետ, այն պետությունների հետ, որտեղ կա գոնե մեկ հայ։ Այս մասին այսօր Մոսկվայում ասաց Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով ՌԴ կատարած երկօրյա այցի արդյունքները։

Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի տոնակատարությունը շատ կարևոր էր, քանի որ 10 տարվա ընթացքում միությունը մեծ աշխատանք է կատարել։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունն այն կարծիքին է, որ ամեն օր պետք է աշխատել Սփյուռքի հետ, այն պետությունների հետ, որտեղ կա գոնե մեկ հայ, քանի որ մեր ներուժը մեր ժողովուրդն է, և Հայաստանը դա պետք է ապացուցի նաև իր հարևաններին։

Սարգսյանը հիշեցրեց, որ այս երկու օրերի ընթացքում նա հանդիպել է ՌԴ նախագահի և վարչապետի հետ, և քննարկել Հայաստանի համար կարևոր հարցեր։ Ըստ նրա՝ հայկական կողմի բարձրացրած բոլոր հարցերը դրական պատասխաններ են ստացել։ Նա ընդգծեց, որ վերադառնում է Հայաստան ավելի վստահ վաղվա օրվա համար։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ ռուսաստանաբնակ հայ 3 հասարակական և մշակութային գործիչներ արժանացան պարգևների և կոչումների։ Այսպես, դերասան Արմեն Ջիգարխանյանը ստացավ Պատվո շքանշան, Russia Today հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը՝ Մովսես Խորենացի մեդալ, նկարիչ Միքայել Սողոյանը՝ վաստակավոր նկարչի կոչում։

Այսպիսով, Սերժ Սարգսյանի երկօրյա աշխատանքային այցը ՌԴ ավարտվեց, և հայկական պատվիրակությունը վերադառնում է Երևան։