Պահպանողականությունը մեր իմացած հնամոլությունն ու մութը չէ. Վարդան Պետրոսյան
Դերասան Վարդան Պետրոսյանը գլոբալիզացիա երևույթի մեջ տեսնում է միայն վատը: «Կապիտալի» հետ զրույցում նա ասում է, որ գլոբալիզացիայի արդյունքում ոչնչանում է մարդու անհատականությունը:
-Պարոն Պետրոսյան, Դուք Ձեր «Ճակատագրի կատակներ» ներկայացման մեջ ասում եք, որ հեռացաք Հայաստանից, քանի որ տեղի էր ունեցել արժեքային համակարգի փոփոխություն, բնականաբար՝ ոչ դեպի լավը։ Այդ փոփոխված արժեքային համակարգի վրա ստեղծվեց Հայաստան պետությունը։ Ինչպիսի՞ պետություն ունենք հիմա:
-Մենք ունենք մի պետություն, որն ունենք։ Մենք պետք է հասկանանք, որ այդ պետությունը օդից չի ընկել, մենք այդ պետությունը ժառանգել ենք խորհրդային ժամանակահատվածից՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով։ Երբ անկախության տարիների սկզբին տեղի ունեցավ փլուզում, այսինքն՝ երբ փլուզվեցին հասարակական, պետական կառույցները, մենք չկարողացանք պահպանել հին երկրի մեր լավագույն նվաճումները և այդ հիմքերի վրա կառուցել նորը։ Ցավոք, ամեն բան փլուզվեց, և կառուցվեց մի նոր երկիր, որը կառուցվեց գռեհիկ կապիտալիզմի հիմքի վրա։ Այսինքն՝ սկսեց աշխատել «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» տարբերակը։ Մարդ արարածն այդպիսին է, և բոլոր պետական և ոչ պետական կառույցներն աշխատել և աշխատում են այդ սկզբունքով. ուժեղը թալանում է, հափշտակում է, հետո ստեղծում է կառույցներ, որոնք պահպանում են իր ունեցվածքը։ Խորհրդային ժամանակահատվածից մենք ժառանգեցինք, օրինակ, կաշառակերություն, հետագայում այն ամրապնդեցինք, քանի որ արդեն չկար մոսկովյան հսկողությունը, և բեսպրեդել էր։ Ինչո՞ւ չկարողացանք ստեղծել ուրիշը. չկարողացանք, քանի որ չկարողացանք։ Եվ մեղադրել, որ մեզ խանգարեցին հարևանները, քաղաքակիրթ Եվրոպան, Ռուսաստանը և Ամերիկան, քանի որ նրանք ինչ-որ շահեր ունեին, անհեթեթ է։ Իհարկե, ունեին և ունեն, սակայն մենք չկարողացանք պինդ գտնվել և կառուցել այն պետությունը, որի մասին երազում էինք։ Մենք անկախությունն իդեալականացնում էինք: Երևի չունե՞նք դրա պոտենցիալը, երևի չէի՞նք սպասում, որ մեր հափշտակող, բիրտ տարրը կարող էր ամեն բան այսպես ավերել։ Դժվարանում եմ ասել, թե ինչ պետություն ունենք. ունենք այն, ինչ որ ունենք։ Վատ, թե լավ` սա է։
-Կարելի՞ է ենթադրել, որ մենք արժանի ենք այս տեսակի պետական համակարգին։
-Եթե հարցին նայենք փիլիսոփայորեն, գուցե կարելի լինի ասել՝ այո, արժանի ենք, սակայն որպես մարդ` ես դա ասել չեմ կարող, քանի որ սիրտս ցավում է։ Մենք կարող էինք լինել շատ ավելի լավ պետություն ու երկիր, եթե իշխանական համակարգում լինեին գոնե տասը նվիրված մարդիկ, շատ չէ, տասը սրտացավ մարդ, որ իր ժողովրդի, իր փոքրիկ երկրի և իր հողակտորի մասին ավելի շատ մտածեր, քանի իր գրպանի։ Ի դեպ, սա իմ միտքը չէ. դեռ շատ վաղուց Գրիգորիս Բալաքյանը, գրելով Ցեղասպանության մասին իր փառահեղ «Հայկական Գողգոթա» գիրքը, ասել էր, որ եթե տասը հոգի նվիրյալ ունենայիր ղեկավար տարրերիդ մեջ, ինչպիսին որ հազարներով ունես քո համեստ ժողովրդի ծոցում, քեզ այլ ճակատագիր բաժին կընկներ։ Եվ առ այսօր, երբ տեսնում եմ, թե ինչպես է երկիրն անխնա թալանվում մեր իսկ ժողովրդի զավակների կողմից՝ սեփական գրպանին ծառայեցնելու համար, սիրտս ցավում է, ու մտածում եմ, որ իմ ժողովուրդը սրան հաստատ արժանի չէր։
-Այս խնդիրը Ձեր ներկայացումներում նույնպես կա, իսկ Ձեր ներկայացումները դիտում են գրեթե բոլորը՝ բարձրաստիճան չինովնիկից մինչև հասարակ քաղաքացի։ Ձեր կարծիքով՝ այն, ինչ ասում եք բեմից, հասնո՞ւմ է հասցեատերերին, թե՞ մնում է անպատասխան։
-Այո, իմ ներկայացումներին գալիս են գյուղացիներ, քաղաքացիներ, ուսանողներ, տատիկներ, պապիկներ, երեխաներ, զվարճասերներ, չհավաններ, մտավորականներ և շատ ու շատ այլ մարդիկ։ Այդ իմաստով ես երջանիկ եմ, քանի որ իմ լսարանը մեծ է, և ամեն մի ներկայացման իմ հանդիսատեսը սպասում է։ Սա բացառիկ երջանկություն է, երբ արտիստին սպասում են բեմում։ Այո, չինովնիկները նույնպես գալիս են, և ի պատիվ ինձ ու իրենց` գալիս են տոմսեր գնած, այսինքն՝ ես նրանց չեմ հրավիրում։ Սակայն չեմ կարող ասել, թե իմ ասածը որքանով է հասնում նրանց և ազդում նրանց վրա, իսկապես չեմ կարող, քանի որ արվեստն անուղղակի ազդեցության միջոց է։ Արվեստի գերխնդիրն է մարդուն մի փոքր ազնվացնել, թե ինչպես դա կանդրադառնա նրանց կյանքի և աշխատանքի վրա, չեմ կարող ասել։
-Ձեր պայքարի ձևերից մեկն էլ բուհերում կազմակերպված ներկայացումներն են ուսանողների համար։ Ի՞նչ նոր բան եք ուզում ասել ուսանողին։
-Մենք շատ կարևոր փաստ չենք գիտակցում։ Վաղվա մեր դժվարին հարցը լուծելու է այսօրվա ուսանողությունը։ Այսօր անտարբեր նայելով այս խնդրին, ուշադրությունից դուրս մղելով երիտասադրությանը, իսկ երիտասարդությունն այսօր իրեն զգում է լքված և անգամ երիտասարդ չդարձած, հինգ տարեկանից, երբ սկսում է գիտակցությունը քիչ թե շատ աշխատել, մտածում է երկրից գնալու մասին, մենք վտանգում ենք մեր ապագան։ Մենք, նրանց տեղ չտալով, մենք, նրանց դաշտ չտալով իրենց երազանքների իրականացման համար, քար ենք գցում մեր վաղվա օրվա վրա։ Սա ինձ շատ է անհանգստացնում։ Ես «Վարք Հայաստանի» ներկայացմամբ, որը բառախաղ է Աբովյանի «Վերք Հայաստանի» ստեղծագործության հետ, թատերականացված դասախոսություն եմ «խաղում» երիտասարդների համար։ Ներկայացնում եմ բացառապես չճանաչված լուսավոր ու հանճարեղ մարդուն՝ մեր Հիսուս Քրիստոսին, որը եկավ և մեզ փրկեց տգիտությունից՝ Խաչատուր Աբովյանի կյանքը, ապրած ժամանակահատվածը, համեմատում եմ այսօրվա ժամանակները և այն ժամանակները։ Մենք զրուցում ու քննարկում ենք այսօրվա խնդիրները և փորձում ենք լուծումներ գտնել։ Երիտասարդները մեր վաղվա օրն են: Այսօրվա երիտասարդության հետ պետք է լրջորեն աշխատել։
-Հայաստանում շատերը վախենում են գլոբալիզացիայից։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է գլոբալացվող աշխարհի դեմ բացվելու մեր անհամարձակության կամ վախի պատճառը։
-Գլոբալիզացիան ես կթարգմանեի ճորտատիրություն կամ նեոստրկատիրություն, որտեղ «ստրուկները» պետք է քիչ թե շատ տառաճանաչ լինել, որպեսզի կարողանան իրենց անունը գրել, ոչ ավելի։ Սրա նպատակն է ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ յոթ միլիարդը բանվորներ լինեն կամբինիզոններով, որոնք կիմանան, որ կովը թռչուն չէ, ծառը բույս է։ Սա գլոբալիզացիան է։ Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք գլոբալիզացիայի մեջ լավ բան են տեսնում, նրանք ինձ չեն կարողացել համոզել, թե ի՞նչ լավ բան կա այն բանի մեջ, երբ ոչնչանում է մարդու անհատականությունը։ Գլոբալիզացիա նշանակում է ամեն տեղ նույն տիպի շենքեր, նույն տիպի զգեստներ, նույն լեզուն ու նույն խոսակցությունը։ Գլոբալիզացիա նշանակում է, որ կինո չպետք է լինի, պետք է լինեն սերիալներ, որ գրականության փոխարեն պետք է լինեն էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ լրագրեր։ Գլոբալիզացիա նշանակում է մարդու հետաքրքրություններն իջեցնել ներքնազգեստի աստիճանի։ Գլոբալիզացիա նշանակում է հասարակությունների արժեքային համակարգի անկում, դեգրադացում։ Եվ այս ամենն արվում է բացառապես հեշտ իշխելու համար։ Գլոբալացված հասարակությունն անհատազուրկ հասարակությունն է։ Ֆրանսիան և Եվրամիությունն ասածիս լավագույն օրինակներն են։ Ֆրանսիայում յոթ հազար ձկնորս է արթնանում և լսում, որ իրենք գործազուրկ են և ձուկ այլևս չեն բռնելու, քանի որ Բրյուսելում որոշել են, որ այդ ձկները պետք է բռնեն արդեն Լեհաստանում։ Ֆրանսիայի գյուղատնտեսներին ասում են, որ այլևս խնձոր չեն վաճառելու, քանի որ նույն Բրյուսելը որոշել է, որ խնձորը Հոլանդիայից պետք է գա Ֆրանսիա։ Այսինքն՝ Բրյուսելն է որոշում անձի սովորել-չսովորելու հարցը, Բրյուսելն է որոշում քո սեռական կողմնորոշումը, Բրյուսելն է որոշում քո հագուստը և այլն։ Այսինքն՝ գլոբալիզացվող աշխարհը մեկ կենտրոնից կառավարվող աշխարհ է, որտեղ հրամաններն իջեցվում են, և բոլորը ստիպված են սուսուփուս կատարել։ Իսկ մերոնք դրանից վախենում են, քանի որ ավելի իմաստուն են։
-Երբ Ֆրանսիայում տեղի է ունենում մի բան, որ դուր չի գալիս ֆրանսիացուն, նա դուրս է գալիս փողոց և պայքարում է, իսկ Հայաստանի քաղաքացին գերադասում է կաþմ հարմարվել, կաþմ հեռանալ: Ըստ Ձեզ` ո՞րն է այս երկու հասարակությունների տարբեր արձագանքների պատճառը:
-Ֆրանսիայում էլ են գները բարձրացնում, իհարկե ոչ այսպես «բեսպրեդելնի»: Ասենք՝ պանիրը 1700 դրամից հանկարծ չի դառնում 2792 դրամ: Ոչ, այնտեղ դա անում են կամաց-կամաց, բարձրացնում են կոպեկ-կոպեկ, աննկատ։ Ֆրանսիայում, ի պաշտպանություն թոշակառուների, ֆրանսիացիները դուրս եկան երկու ամիս պայքարեցին, տեղի ունեցան ավերածություններ, ջարդ ու փշուր արեցին հնարավոր ամեն բան, վերջում խելոք գնացին նորից աշխատելու: Այդ միջոցառումներից պետությունը կրեց միլիարդավոր եվրոների վնաս, իսկ քաղաքացին որևէ արդյունքի չհասավ: Մեզ մոտ դուրս չեկան, որևէ բան չարեցին, որևէ բանի չհասան: Հիմա դուք ինձ ասեք՝ ո՞րն է լավը: Բնականաբար՝ երկու դեպքն էլ վատ են, քանի որ երկու դեպքում էլ պարտվում է քաղաքացին: Իսկ թե ինչո՞ւ են մերոնք լքում երկիրը, իսկ ֆրանսիացին՝ ոչ, ուրիշ հարց է։
-Ֆրանսիայում կա քաղաքացիական հասարակություն, որը կարողանում է ազդել իշխանությունների որոշումների վրա, Հայաստանում դա չկա։
-Ես բախտ ունեմ այնտեղ ապրելու և տեսնելու այդ ամբողջ ֆիկցիան։ Երբեմն դառը ժպիտով եմ նայում, թե ինչպես են մերոնք հավատում այդ քաղաքացիական հասարակության կամ մարդու իրավունքների մասին հեքիաթներին։ Հիմա օրինակ բերեմ. Ֆրանսիայի ժողովուրդը դեմ էր Եվրամիության Սահմանադրությանը և դեմ քվեարկեց 52/48 հարաբերակցությամբ, և իշխանությունները երկրորդ անգամ այլ կերպ վարվեցին, հարցը բերեցին խորհրդարան, և Ֆրանսիայի հասարակության ընտրյալները միանգամից «կողմ» քվեարկեցին։ Ժողովուրդը բան չունեցավ ասելու, քանի որ իր ընտրյալը «կողմ» քվեարկեց։ Այսինքն՝ քաղաքացիական հասարակություններին շրջանցելու ձևեր միշտ էլ կան։ Հիմա պատկերացրեք՝ մեզ մոտ մի շատ կարևոր հարց դրվում է հանրաքվեի, և հասարակությունը դեմ է դուրս գալիս։ Ի՞նչ կանի իշխանությունը, նա պարզապես հարցը կտանի խորհրդարան, որտեղ երկու մեծ կուսակցություններն արդեն միմյանց միջև համաձայնության եկած կլինեն և «կողմ» կքվեարկեն, հետո էլ կասեն՝ այ մարդ, էլ ի՞նչ եք ուզում, սրանից էլ լավ ժողովրդավարություն։ Այս ամենն ասում եմ ոչ միայն տեսնելով, այլև այնտեղ ապրելով, այդ մարդկանց հետ նստել-վեր կենալով։ Ես այնտեղ ապրում եմ 18 տարի և գիտեմ այդ ամենի ուղնուծուծը։ Լավ, ընդունում եմ, որ Ֆրանսիայում իշխանությունների վրա վերահսկողությունն ավելի մեծ է, շատ ավելի մեծ է, սակայն ցանկության դեպքում միշտ գտնվում են այն զարտուղի ճանապարհները, որոնք հնարավորություն են տալիս շրջանցել այդ վերահսկողությունը և անել այն, ինչը ցանկանում են։ Պարզապես այնտեղ հարցերն իշխանությունները լուծում են ավելի աննկատ, իսկ մեզ մոտ՝ բիրտ ձևերով։ Հայաստանում իսկապես բեսպրեդել է, և ով ինչ ուզում, ոնց ուզում անում է։
-Այն արժեքները, որոնց հավատում ու ձգտում է հայ քաղաքացին, ըստ Ձեզ, սովորական փուչի՞կ է։ Ո՞րն է ելքը։
-Պահպանողականությունը մեր իմացած հնամոլությունն ու մութը չէ, պահպանողականությունը կապն է արմատների հետ։ Պահպանողականության և ազատականության տարբերությունը մշտականի, հավերժի և օրվա, ժամանակավորի փոխհարաբերություններն են։ Ազատականությունը ժամանակային, անցողիկ բան է, իսկ պահպանողականությունը՝ մնայուն։ Ես կարծում եմ՝ փրկությունը արմատներին վերադառնալն է։ Մենք որքան էլ առաջ գնանք, պետք է պահպանենք մեր ազգային հին ավանդույթները, մեր ազգային արժեքները, մեր քրիստոնեական հավատը։ 20-րդ դարից սկսած՝ մարդը գնում է ինքնաոչնչացման։ Փրկության ուղին մարդու գիտակցության փոփոխությունն է, մարդը պետք է կարողանա հոգեփոխվել, հոգեվերանորոգվել, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ մարդը դառնա դեպի Աստված։ Այս իմաստով շատ մեծ գործ ունեն անելու և՛ հոգևորականները, և՛ արվեստի, և՛ կրթության մարդիկ։










