Եթե մեր գորգերին տեր չկանգնենք, տեր կգտնվի. Հայաստանում գորգերի թանգարան չկա

14:49 • 19.11.10

Վերջին 20 տարիների ընթացքում ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը տարբեր հաստատություններում բարձրացրել է Հայաստանում գորգերի թանգարանի ստեղծման հարցը։

«Դեռ 1981թ. այն ժամանակվա ղեկավարությունը որոշում էր ընդունել ստեղծել գորգերի թանգարան: Թանգարանի համար ընտրվել էր մի շենք, որը վերանորագման կարիք ուներ, սակայն այս գործընթացը իր ավարտին չհասավ. շենքը հանձնվեց Էջմիածնին», - այսօրվա ասուլիսին ասաց Պողոսյանը:

Նա ասաց, որ Հայաստանի գործող իշխանությունը մոռացել է գորգագործության մասին:

Միաժամանակ ազգագրագետը նշեց, որ նոյեմբերի 9-ին գորգերի թանգարանի ստեղծման հարցը քննարկվել է Հանրային խորհրդի նիստում:

Ըստ նրա` խորհրդի անդամների մի մասը դեմ է այս նախագծին, նրանց թվում է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը:

«Նիստի ժամանակ հնչեց մի միտք, թե գորգերը ներկայացված են տարբեր թանգարաններում, և առանձին թանգարանի ստեղծումն անիմաստ է»,- ասաց նա` հավելելով, որ Անելկա Գրիգորյանի՝ դեմ լինելը ազդեց ընդհանուր տեսակետի վրա:

Ազգագրագետը տեղեկացրեց, որ գորգերի մի մեծ հավաքածու ներկայացված է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, իսկ հայկական ամենահին գորգը (5-րդ դար մ. թ. ա.) գտնվում է ռուսական Էրմիտաժում:

Պողոսյանի հաշվարկներով` թանգարանի համար շենք կառուցելու համար անհրաժեշտ է մոտ 15-20 մլն ԱՄՆ դոլար, իսկ թանգարանի ֆոնդային տարածքի համար անհրաժեշտ է 500 քառակուսի մետր տարածք:

«Հայաստանը, հայկական լեռնաշխարհը համարվում է գորգագործության ամենահին երկրներից մեկը, դրա մասին վկայում են բազմաթիվ գրավոր նյութեր», - ասաց նա:

Ազգագրագետը ցավով հավելեց, որ Ադրբեջանում գործում է գորգերի շուրջ 10 թանգարան, իսկ Թուրքիայում` 40-ից ավել:

«Մենք առաջարկում ենք Հայաստանում թանգարան ստեղծել, որպեսզի կարողանանք պահպանել և ներկայացնել մեր ազգային մշակութային ժառանգությունը, եթե տեր չկանգնենք` տեր կգտնվի»,- նշեց Պողոսյանը: