Կինոթատրոնում երեխաներին մուլտֆիլմի փոխարեն սարսափ ֆիլմ են ցուցադրել

18:40 • 19.11.10

Ամերիկյան կինոթատրոններից մեկում մուլտֆիլմի փոխարեն երեխաներին սխալմամբ ցուցադրել են «Սղոց 3D» սարսափ ֆիլմը։
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, միջադեպը տեղի է ունեցել Մասաչուսեթս նահանգի Ռևիր քաղաքում։ Երեխաներն իրենց ծնողների հետ գնացել են կինոթատրոն ծննդյան տարեդարձ տոնելու, սակայն մուլտֆիլմի փոխարեն սարսափ ֆիլմից դրվագներ են դիտել։
Սխալն ուղղելու համար մի քանի րոպե է պահանջվել, որոնց ընթացքում երեխաները, չնայած ծնողների հորդորին՝ փակել աչքերը, դիտել են թրիլլերի արյունոտ դրվագները։

Ծնողները վրդովվել են կինոթատրոնի աշխատակիցների անփութությունից։
Յոթամյա երեխայի հայրը պատմել է, որ այժմ իր որդին վախենում է գիշերը մենակ քնելուց, քանի որ մղձավանջներ է տեսնում։
Նշենք, որ որպես փոխհատուցում հանդիսատեսին բաժանել են անվճար տոմսեր։