ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատության վիճակին
ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է աշխարհում կրոնական ազատության իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձել է նաև Հայաստանին։
2010թ. զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանում կան այլ կրոնական խմբերի փոքր համայնքներ, սակայն կրոնական փոքրամասնությունների թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան: Հեղինակները նշում են, որ «այդ խմբերի հետևորդների թիվը ՀՀ բնակչության 5 տոկոսից պակաս է՝ ներառյալ կաթոլիկները, Մխիթարյան միաբանության հետևորդ կաթոլիկները, ուղղափառները, Ավետարանչական եկեղեցու հետևորդները, մոլոկանները, հիսունականները, յոթերորդ օրվա ադվենիստները, բապտիստները, եզդիները, Եհովայի վկաները, հրեաները, սուննի մուսուլման քրդերը և այլն»:
ԱՄՆ փորձագետների կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ կրոնի ազատությունը, հավատքը դավանելու, ընտրելու կամ փոխելու իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, այդուհանդերձ օրենքը որոշակի սահմանափակումներ է դնում կրոնական փոքրամասնությունների կրոնական ազատության վրա:
«Օրենքները Հայաստանում որոշակի արտոնություններ են շնորհում հայկական եկեղեցուն, որոնք չեն գործում այլ կրոնական խմբերի համար: Օրենքը հայկական եկեղեցուն թույլ է տալիս մշտական ներկայացուցիչներ ունենալ հիվանդանոցներոմ, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, ՔԿՀ-ներում, մինչդեռ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն՝ այլ կրոնական խմբերը նշված վայրերում ներկայացուցիչներ կարող են ունենալ միայն հատուկ խնդրանքի դեպքում»,- նշվում է զեկույցում:
Հեղինակներն անհանգստություն են հայտնել առ այն, որ օրենքով հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաև կրոնական խմբերի պաշտոնական գրանցումը պարտադիր չէ, մինչդեռ միայն գրանցված կազմակերպություններն իրավական կարգավիճակ ունեն:
Միայն գրանցված խմբերը կարող են հրատարակել հազարից ավելի տպաքանակով թերթեր և ամսագրեր, վարձակելել տարածք հավաքների համար, հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հաղորդումներ հեռարձակել:
«Հաշվետվության շրջանում կրոնական խմբերը և մարդու իրավունքների կազմակերպությունները անհանգստություն են հայտնել հատկապես Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի հնարավոր ընդունման վերաբերյալ»,- ասվում է զեկույցում:
Այնտեղ նշվում է նաև, որ կառավարության կողմից ընդհանուր առմամբ կրոնական ազատությունների սահմանափակումներ չեն նկատվել:
«Զեկույցի պատրաստման շրջանում որոշ կրոնական խմբերից հաշվետվություններ են ստացվել առ այն, որ դպրոցներում շարունակվում են բացասական վերաբերմունքի դրսևորումներ նկատվել այն ուսուցիչների և աշակերտների նկատմամբ, որոնք ներգրավված են հայկական եկեղեցուց զատ այլ կրոնական խմբերում:
Այդուհանդերձ, կրոնական շատ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով՝ այդ վերաբերմունքը հաշվետու ժամանակահատվածում բարելավվել է»,- ասվում է զեկույցում:
Նշվում է, որ Երևանի ավետարանչական եկեղեցու հետ կապ ունեցող մի հասարակական կազմակերպություն պնդում է, որ ՀՀ կառավարությունը խոչընդոտել է երկրում իր բարեգործական ծրագրերի իրականացմանը` դրսևորելով կրոնական խտրականություն։
Իսկ Եհովայի վկաները վստահեցրել են, որ իրենք չեն կարողացել մեծ տարածքներ վարձել`իրենց ամենամյա հավաքները կազմակերպելու համար։ Նրանք տեղեկացրել են, որ եկեղեցու, ինչպես նաև իրավապահ մարմինների ճնշման ներքո իրենց համապատասխան տարածքներ չեն տրամադրվել։
2009թ. հուլիսի 1–ից մինչև 2010թ. հունիսի 1–ը 35 Եհովայի վկա է դատապարտվել`զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Երևանում Եհովայի վկաների ղեկավարների տվյալներով՝ 2010թ. հունիսի 1-ի դրությամբ իրենց 76 անդամներ դեռևս բանտում են. նրանք բանտում են հայտնվել այն պատճառով, որ հրաժարվել են զինվորական, կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից` կրոնական կամ գաղափարական հիմքի վրա: Եվս մեկ Եհովայի վկա գտնվում է նախնական կալանքի տակ:
Այս ժամանակահատվածում հարկադիր կրոնափոխման դեպքեր չեն գրանցվել:
«Որոշ ուսումնասիրողների կարծիքով, բնակչությունը ընդհանուր առմամբ բացասաբար է տրամադրված բոլոր կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Սակայն տեղի փորձագետների տվյալների համաձայն, այդ վերաբերմունքը բացասական ազդեցություն չունի անձնական և բարիդրացիական հարաբերությունների վրա, այլ ավելի շուտ վկայում են այն մասին, որ բոլոր այդ կրոնական խմբերը ՀՀ–ում դիտարկվում են իբրև պետության նկատմամբ սպառնալիք»,- ասվում է զեկույցում։










