Վատը լավի տեղն է զբաղեցնում, իսկ լավն ընդհանրապես տեղ չունի. բանավեճ սերիալների մասին (տեսանյութ)
Հայաստանի բնակչության մեծ մասն այսօր դիտում է սերիալներ։ Իսկ այդ սերիալները չունեն ենթատեքստ, գեղագիտական արժեք չեն ներկայացնում իրենցից։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանը։
«Սերիալները չունեն կոնտեքստային բնույթ։ Նրանք այն են, ինչ կա կյանքում։ Այդ սերիալները դիտողները մտել են վիրտուալ աշխարհ և ապրում են այդ հերոսներով։ Մեկը մյուսին ասում է՝ Հասմիկ ջան տեսա՞ր, թե էդ անասուն Խոսեն ինչ ա անում։ Սերիալներում բեմ չկա, այն դիտող կինն ապրում է հերոսների կյանքով՝ լաց է լինում, ծիծաղում նրանց հետ և այլն։ Եթե կոնտեքստային լիներ, խնդիր չէր լինի»,– ասաց Ադիբեկյանը։
Ըստ նրա՝ «Կարմիր գլխարկ» հեքիաթը մարդակերության մասին չէ։ «Այդ հեքիաթը փոքր երեխային ասում է ՝ զգույշ, այս կյանքում կան վտանգներ։ Կոնտեքստ կա հեքիաթում»,– նշեց Ադիբեկյանը։
Սոցիոլոգի հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության մեծ մասն է դիտում սերիալներ։ «Երբ երեխան տեսնում է, որ մայրը քարացած նայում է սերիալը, մտածում է՝ ինչ–որ արժեքավոր բան է»,– նշեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ ինքը երբեք սերիալ չի դիտում. «Վատ ֆիլմից իմ գլուխը ցավում է»։
«Սատանապետն ասում է իր աշակերտին՝ ես քեզ սովորեցրել եմ, բայց ինչո՞ւ ես դու լավագույն աշակերտը դարձել։ Նույնն այստեղ է՝ սերիալը դիտում են, բայց ինչո՞ւ ես դու նույն սերիալը նկարում»,– նշեց սոցիոլոգը։
Պրոդյուսեր Մամիկոն Չատինյանը նշեց, որ օրինակ՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» հեռուստասերիալը տարբերվում է մյուսներից։ Լրագրողների այն դիտարկմանը, թե այս սերիալում էլ կան կրիմինալ տեսարաններ, Չատինյանը նշեց. «Էս բոլորը կյանքից վերցրած է, չէ՞։ Անընդհատ ցույց տանք, որ Աննան իրա մամայի հետ նստած լա՞ց է լինում»։ Պրոդյուսերը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը շահում է լսարանի վստահությունը։ Սակայն Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ Հանրայինի վստահության ցուցանիշը շատ ցածր է. «Մարդիկ ամենաշատը վստահում են «Շանթին»»։
Բանախոսները կարևորեցին հեռուստատեսության դաստիարակչական դերը։ Ըստ Ադիբեկյանի. «Խնդիրն այն է, որ այսօր ժանրերը խառնում են, վատը լավի տեղն է զբաղեցնում, իսկ լավն ընդհանրապես տեղ չունի»։










