Մայա Պլիսեցկայան 85 տարեկան է

18:14 • 20.11.10

Համաշխարհային բալետի կենդանի լեգենդ Մայա Պլիսեցկայան այսօր՝ նոյեմբերի 20–ին, նշում է իր հոբելյանը. լրանում է նրա 85-ամյակը։
Պլիսեցկայան երբեք ստիպված չի եղել թաքցնել իր տարիքը, քանի որ, ըստ նրա, ժամանակն իր հանդեպ անզոր է։ Նա, ինչպես միշտ, հիանալի ֆիզիկական վիճակում է՝ էլեգանտ ու գեղակազմ։

Ավանդաբար Պլիսեցկայան իր հոբելյանները նշում է մի շարք միջոցառումներով, որոնք սկսվում են Փարիզում։

«Փարիզն իմ քաղաքն է։ Բավական է արտասանել այդ անվանումը, և իմ սիրտը սկսում է թրթռալ»,– ասում է բալետի հանրահայտ պարուհին։

Նշենք, որ երեկույթի անցկացումը Փարիզում նախատեսվում է դեկտեմբերի 6–ին, երբ Ելիսեյան դաշտերում գտնվող թատրոնում կկայանա համաշխարհային բալետի աստղերի համերգը։

Մայա Միխայլովնան չի թաքցնում, որ մի քանի տուն ունի. մեկը Մյունխենում, որտեղ բնակվում և աշխատում է նրա ամուսինը՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը, մյուսը՝ Լիտվայում, որտեղ նրանք ամառանոց ունեն, սակայն իր ամենագլխավոր տունը Պլիսեցկայան համարում է Մոսկվան. այստեղ նա ծնվել է և այստեղ դարձել բալետի պարուհի՝ աշխարհով մեկ փառքի արժանանալով։