Բրիտանական խորհուրդը Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպմանը չի մասնակցել
Նոյեմբերի 22-ին մամլո ասուլիսով հանդես է եկել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և անդրադարձել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությանը` կատարելով մի շարք հայտարարություններ: Մասնավորապես, Հայկ Բաբուխանյանը նշել է, որ Բրիտանական խորհուրդն աջակցել է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպմանը:
Բրիտանական խորհրդից ստացված հաղորդագրությունում նշվում է, որ Բրիտանական խորհրդի նպատակն է միջմշակութային երկխոսության հաստատմանը և աշխարհի 100-ից ավելի երկրներում տեղակայված գրասենյակների գործունեությունը միտված է հենց այդ առաքելության իրականացմանը: Սակայն, տվյալ դեպքում Բրիտանական խորհուրդը Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպմանը չի մասնակցել և չի աջակցել փառատոնի անցկացմանը:
Հայկ Բաբուխանյանը անդրադարձել է նաև Բրիտանական խորհրդի` Ծաղկաձորում նոյեմբերի 12-14 կազմակերպած «ԼԳԲՏ խնդիրները զանգվածային և սոցիալական լրատվամիջոցներում» հանդիպում քննարկմանը` սխալ մեկնաբանելով հանդիպման կազմակերպման նպատակը:
«Նշենք, որ Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորությունում և ամբողջ աշխարհում որդեգրել է հավասար հնարավորությունների և բազմազանության քաղաքականություն, համաձայն որի կազմակերպությունն իր գործունեության մեջ բացառում է խտրականության բոլոր ձևերը: Քննարկում-հանդիպման կազմակերպումը բխում էր հավասար հնարավորությունների և բազմազանության մեր քաղաքականության սկզբունքներից: Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու հանդուժողականության տարածումը բխում է նաև ՄԱԿ-ի «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» հռչակագրից, որին միացել է նաև ՀՀ»,- նշում է Բրիտանական խորհուրդը:
Հաղորդագրությունում ասվում է նաև, որ քննարկմանը մասնակացել է 6 լրագրող և ԼԳԲՏ համայնքի 6 ներկայացուցիչ: «Հանդիպման կազմակերպման նպատակն էր օգնել կառուցողական երկխոսություն հաստատել ԼԳԲՏ համայնքի և մամուլի ներկայացուցիչների միջև, վեր հանել երկու կողմերին հուզող հարցերը և գտնել խնդիրների լուծումներ ու համագործակցության ուղիներ: Մասնավորապես, բարձրացված խնդիրներից էր լրագրողների կողմից օգտագործվող թյուր և վիրավորական բառապաշարը, որը նաև պայմանավորված է հայերենում որոշ հասկացությունների նոր և արհեստական լինելով: Մեկ այլ խնդիր է լրատվության մեջ լավ չուսումնասիրված և չփաստված, ենթադրված կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը»:
Հայկ Բաբուխանյանը նաև հայտարարել էր, որ ՌԴ-ում արգելված է Բրիտանական խորհրդի գործունեությունը: Խորհրդից, սակայն, տեղեկացնում են, որ մինչև օրս Մոսկվայում տեղակայված գրասենյակն ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը:










