Անցնող տարում խորհրդարանը մշակույթի բնագավառին վերաբերող միայն մեկ օրինագիծ է ընդունել
Անցնող տարում Հայաստանի Ազգային ժողովը մշակույթի բնագավառին վերաբերող միայն մեկ օրենսդրական նախաձեռնության է հավանություն տվել։ Նախաձեռնությունը պատկանել է ՀՅԴ–ական պատգամավոր Լիլիթ Գալստյանին, որով առաջարկվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել՝ ամրագրելով այն դրույթը, որ այսուհետ համերգների մասին իրազեկող գովազդներում նշվի, թե ինչպիսին է լինելու այն՝ կենդանի կատարմամբ, թե ֆոնոգրամայով։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանը։ Բացի այդ, նրա խոսքով, «Թատրոնի մասին» ՀՀ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է, իսկ գրադարանների մասին օրինագիծը քննարկվում է խորհրդարանում։
Նա նշեց, որ մշակույթի բնագավառին վերաբերող օրենքները դժվարությամբ են ընդունվում, ինչը բնական է, քանի որ «մեր մշակույթը բազմադարյա պատմություն ունի, իր մեջ կրում է լուրջ պահպանողականություն», ինչի պատճառով էլ առանց լուրջ քննարկման դժվար է որևէ օրենք ընդունել մշակույթի ոլորտի մասին։
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց իր հանձնաժողովի ոլորտներին 2011թ. հատկացված բյուջետային գումարները։ Այսպիսով, այդ ոլորտներին հատկացվել է 140 մլրդ դրամ, որը կազմում է Հայաստանի ՀՆԱ 3,7 տոկոսը, իսկ բյուջետային ծախսերի 14 տոկոսը։
Նշված գումարից, պատգամավորի խոսքով, կրթության ոլորտին հատկացվել է 108 մլրդ դրամ, գիտությանը՝ 9,4 մլրդ դրամ, Սփյուռքի նախարարությանը՝ 454 մլն., հեռահաղորդակցությանը, հրատարակչությանը՝ 4,5 մլրդ, հանգստին, մշակույթին, կրոնին՝ ավելի քան 17 մլրդ։
Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ԱԺ–ում անցած շաբաթ բյուջեի քննարկումից հետո իիր ղեկավարած հանձնաժողովը 16 առաջարկներ է ներկայացրել կառավարությանը, որոնք վերաբերում են ուսուցիչների վերապատրաստմանը հատկացվող գումարների ավելացմանը, Գրապալատի տանիքի վերանորոգման համար գումար հատկացնելուն և այլն։










