«Միմը» նոր ներկայացում է պատրաստել. մինչև 16 տարեկանների մուտքն արգելվում է
Մնջախաղացը Երևանում տեղ չունի ստեղծագործելու և աշխատելու համար։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց «Միմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանը։
Ըստ նրա՝ արվեստի այս ժանրը անհրաժեշտ կերպով չի պրոպագանդվում։ «Աշխարհի տարբեր երկրներում մնջախաղը զարգանում է, իսկ Հայաստանում այն զերծ է պետական աջակցությունից և ուշադրությունից»,– ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ երբ բարձրացնում է աջակցության հարցը՝ ոլորտի պատասխանատուները ժպտալով տարբեր պատասխաններ են տալիս։
Նշենք, որ «Միմ» ստուդիան ստեղծվել է 2003թ., սակայն մինչև օրս չունի իր բեմը։ Այսպես, նոյոմբերի 23–ին «Միմ» ստուդիան հանդիսատեսի դատին կհանձնի «Միմոմանիա» նոր ներկայացումը, որը կցուցադրվի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։
«Խոսք եմ տալիս, որ ոչ ոք դժգոհ դուրս չի գա դահլիճից»,– նշեց նա։
Գեղարվեստական ղեկավարը հավելեց, որ «Միմոմանիան» իրենց խաղացանկի 3-րդ ներկայացումն է։ Սակայն, ըստ նրա, քանակը կարևոր չէ։ «Որակն է կարևոր։ Դժվար է անել այն, ինչը չունի նյութական աջակցություն»,– ասաց նա՝ հավելելով, որ նոր ներկայացման բեմադրման հարցում իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարությունը։
Այն հարցին, թե ի՞նչ թեմաների և հարցերի է այսօր անդրադառնում մնջախաղացը, Հարությունյանը պատասխանեց. «Մարդասիրական, ինչը գեղեցիկ է, բարի է։ Եթե գեղեցիկ է և բարի, ապա օգտակար է մարդու համար»,– ասաց նա։
Հավելենք, որ մինչև 16 տարեկանների մուտքը ներկայացմանն արգելվում է։ Մեր հարցին, թե ինչու՞ է այդպես, գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Կգաք՝ կտեսնեք»։










