«Կոմիտասին...» համերգով եզրափակվեց Կոմիտասի 140-ամյակի հոբելյանական տարին

19:35 • 23.11.10

Կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ Կոմիտասի 140-ամյակի հոբելյանական տարին եզրափակող «Կոմիտասին…» համերգ-ներկայացումը։ Համերգն ունկնդրեց նաև Սերժ Սարգսյանը։

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Աննա Մայիլյանը, Սվետլանա Նավասարդյանը և այլք: Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները, հատվածներ նրա նամակներից, նաև նրա բանաստեղծությունները։ Բացի այդ, ցուցադրվեց նաև Կոմիտասին նվիրված մուլտիմեդիան, որը պատրաստել է Գարեգին Չուքազսյանը։ Այն իրենից ներկայացնում է տարբեր նյութեր՝ նկարներ, փաստաթղթեր, երաժշտություն։ Այդ նյութերը հետագայում կօգտագործվեն Կոմիտասին նվիրված կայքի և վիրտուալ թանգարանի ստեղծման համար։

«Այսօր մենք փորձեցինք հանրությանը ներկայացնել Կոմիտասին, սակայն մեկ ուրիշ տեսանկյունից՝ ավելի ջերմ։ Մենք փորձեցինք ներկանացնել Կոմիտասին մեր կողքին։ Դրա մասին վկայում է դահլիճի ձևավորումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց միջոցառման ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը։

Նշենք, որ համերգը նախաձեռնել էին ՀՀ մշակույթի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։