Հայ երգիչների կատարումները կեղծում են հայերը

15:21 • 24.11.10

Վերջերս ադրբեջանական մի շարք կայքերում տեղեդրվել էր երգահան Կարեն Գրիգորյանի Emotions ձայնասկավառակի կեղծված տարբերակը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ինքը՝ Գրիգորյանը։

Ըստ նրա՝ կեղծված տարբերակում նա ներկայացված է որպես ադրբեջանցի երգահան, ձայնասկավառակի լուսանկարի վրա բացակայում է նրա լուսանկարը։

Բացի այդ, ձայնասկավառակի 14 երգերից ներկայացված են հայ երգիչների անգլերեն կատարումները։ «Հայերեն լեզվով երգերն, իհարկե, բացակայում են»,– ասաց երգահանը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ նամակով դիմել է այդ կայքերի ղեկավարներին և ստացել հետևյալ պատասխանը. «Բոլորինն էլ անում ենք, և կշարունակենք անել»։
Իր իրավունքի պաշտպանության հարցով Գրիգորյանը դիմել է իրավաբաններին, սակայն նրանք խորհուրդ են տալիս չսկսել դատական գործընթաց, քանի որ Հայաստանն Ադրբեջանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ։

«Ստացվում է, որ ադրբեջանցիները կարող են վերցնել մեր երգերը, մենք՝ նրանց երգերը։ Իրավաբանները խորհուրդ են տալիս արձագանքել լրատվամիջոցների միջոցով։ Նմանատիպ վարքագիծը ինչ–որ չափով զսպում է նրանց, հնարավոր է, որ արդեն այսօր երեկոյան ձայնագրությունները որոշ կայքերից հանվեն, նմանատիպ պրակտիկա կա», – ասաց նա։

Երգահանը նշեց, որ իր ստեղծագործությունները կեղծում են ոչ միայն ադրբեջանական կայքերը, այլ նաև վրացականները և այլն։

Armenian music centre-ի ղեկավար Սամվել Ամիրաբյանն ասաց, որ նմանատիպ հարցերով դատարան կարելի է դիմել, օրինակ, Ամերիկայում։ Սակայն այսպիսի գործերի համար մեծ գումարներ են հարկավոր։

«Այս խնդիրը վերահսկելի է, մենք ուզում ենք պետության աջակցությունը։ Ես այս երկրի քաղաքացին եմ, վարկեր եմ վճարում, ես ցանկանում եմ, որ իմ իրավունքները պաշտպանված լինեն»,– ասաց նա։

Ամիրաբյանը նաև նշեց, որ հայկական երգերի կեղծման գործի ետևում կանգնած են անմիջապես հայերը։ Նա պատմեց, որ Մոսկվայում ինքը բացահայտել է նմանատիպ կայք, ծանոթացել տնօրենի հետ և «երկար զրույց ունեցել»։ «Նա խոստացավ մաքրել ամբողջը 10 օրվա ընթացքում, սակայն ոչ մի բան չարվեց»,– ասաց նա։

Ամիրաբյանի կարծիքով՝ այս ամենը «սպասարկվում» է Երևանից։ «Օրինակ, ինչ–որ նոր ձայնասկավառակի շնորհանդեսից անմիջապես հետո այն հայտնվում է հենությամբ զբողվող կայքերում», – նշեց նա։