Մշակույթի նախարարն առաջարկում է հիմնել Կոմիտասի թանգարան

21:47 • 24.11.10

Երեկ երեկոյան ավարտվեց Կոմիտասի 140–ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Սակայն ինչպես Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «մի կողմից այն ամփոփիչ է, բայց մյուս կողմից՝ նոր սկիզբ է։ Վերհանելով ու ամփոփելով բոլոր նյութերը՝ մենք ուղիղ հակառակն ենք ասում, ասում ենք, որ այսքան բան են արել, բայց մյուս կողմից դա բավարար չէ»։

Նախարարը նշեց, որ մենք պարտք ենք Կոմիտասին. «Պարտքն այն է, որ մենք պետք է անպայման ստեղծենք մի անկյուն, որտեղ մենք մշտապես հնարավորություն կունենանք հաղորդակից լինել Կոմիտասի ժառանգությանը։ Խոսքն, անշուշտ, թանգարանի ստեղծման մասին է»,– ասաց նա։

Պողոսյանի կարծիքով՝ Ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ չի կարող ստեղծվել ավելի լավ հուշարձան, քան Կոմիտասի անկյունը Երևանում։

«Կոմիտասն այն երևույթն է, որը մեր ինքնության հաստատման համար շատ մեծ դեր է կատարում»,– ասաց նա։

Հարցին, թե երբ և որտեղ կհիմնվի այդ անկյունը, նախարարը պատասխանեց. «Մենք դրա մասին նոր սկսում ենք խոսել, որտե՞ղ, ի՞նչ ձևով… այս գաղափարը պետք է դառնա համազգային շարժում, և կդառնա», – ասաց նա։