Մինասի որմնանկարները բացում են կառավարության դռները հանրության առջև (լուսանկարներ)
Հանրությանն այսօր ներկայացվեցին հայ անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները, որոնք տեղադրված են ՀՀ կառավարության շենքի նիստերի դահլիճում։
Հիշեցնենք, որ մինչ այդ որմնանկարները շատ վատ վիճակում գտնվում էին Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանում։
«Սա այն դեպքն է, երբ պատմությունն իր արդար գործը ի կատար է ածում։ 70–ական թվականներին, երբ Մինասն աշխատում էր մի սովորական գործարանի ճաշարանում, նա չէր կարող մտածել, որ իր գործերը կդառնան մեր արվեստի բացառիկ աշխատանքներ և իրենց դերը կունենան մեր մշակույթի մեջ»,– ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ըստ նրա՝ Մինասի որմնանկարների տեղադրումը կառավարության շենքում խոսում է այն մասին, որ պատմությունն իր գնահատականն է տալիս Մինասի գործերին։ Բացի այդ, դա պետության վերաբերմունքն է այդ գործերի նկատմամբ։
Վարչապետը տեղեկացրեց, որ նիստերի դահլիճը հանրության համար բաց կլինի, իսկ այցելությունների օրերը և ժամերը կհրապարակվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնակարների վերկանգնմանը կառավարությունը հատկացրել է 20 մլն դրամ։
Հիշյալ որմնանկարների վերականգնման գործում հայ մասնագետներին աջակցել է իտալացի մասնագետը։












