Մինասի որմնանկարների վերականգնման գործընթացը կշարունակվի. խոստանում է վարչապետը
«Խոսքը գումար հատկացնելու մասին չէ, խոսքը նրա մասին է, թե մենք ինչպե՞ս պետք է այդ ժառանգությունը փրկենք և ճիշտ տեղում տեղադրենք»,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով Մինասի որմնանկարների վերականգնման գործընթացին։
Նա հիշեցրեց, որ գաղտնիք չէ, որ վարպետի «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների՝ կառավարության շենքում տեղադրելու որոշումը նույնպես արժանացել է քննադատությանը։
«Ոչ բոլորն են ճիշտ գնահատում այսպիսի լուծումը։ Հիմա էլ դեռևս համաձայնություն չկա բոլորի կողմից։ Հասկանալի է, որ կլինեն տարբեր տեսակետներ»,– ասաց նա։
Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունն ունի որմնանկարների վերականգնողական աշխատանքները շարունակելու ծրագրեր։
Հետագայում վերականգնված որմնանկարների տեղադրման համար կընտրվեն այնպիսի վայրեր, որոնք կապահովեն գործերի հուսալի պաշտպանվածությունը։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ մասնավոր սեկտորն արդեն արձագանքել է իր առաջարկին՝ գալ և տեր կանգնել մշակութային ժառանգությանը։ «Իմ հրավերով մի քանի բիզնեսմեն այցելեցին այս դահլիճը, կան առաջարկներ, բանակցությունները շարունակվում են»,– ասաց նա։
Սարգսյանը նաև նշեց, որ իտալացի մասնագետների այցի և իրականացված աշխատանքների նպատակն է՝ գիտելիքների փոխանցում հայ մասնագետներին։ Վարչապետի համոզմամբ՝ դա իրականցվել է, և հայ մասնագետներն ի վիճակի են մյուս որմնանկարների վերականգնման աշխատանքներն ինքնուրույն իրականացնել։










