Հարուկի Մուրակամիին 4 տարի համոզել են «Նորվեգական անտառը» էկրանավորելու համար

19:02 • 26.11.10

Ռեժիսոր Չան Ան Հունգը հայտնել է, որ իրենից 4 տարի է պահանջվել ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառ» վեպի էկրանավորման հավանությունն ստանալու համար, հաղորդում է Associated Press–ը։

«Նորվեգական անտառ» վեպը հրատարակվել է 1987–ին։ Գրքի վերնագիրը The Beatles–ի «Norwegian Wood» երգի հղումն է։ Վեպի իրադարձությունները զարգանում են Տոկիոյում՝ 20-րդ դարի 60–ականներին։ Գրքի գլխավոր հերոսն ուսանող է, որի մտերիմ ընկերն ինքնասպան է լինում։

Նշենք, որ հայտնի չէ, թե ինչու Մուրակամին այդքան երկար չէր համաձայնում էկրանավորել իր ստեղծագործությունը։
«Նորվեգական անտառ» կինոնկարը ներառված է եղել Վենետիկյան 67–րդ կինոփառատոնի ծրագրում։ Կինոնկարը լայն վարձույթի դուրս կգա 2010–ի դեկտեմբերի կեսերին։

Ի դեպ, ֆիլմի երաժշտության հեղինակն է բրիտանական Radiohead խմբի կիթառահար Ջոնի Գրինվուդը։