Երևանում բացվեց Վարդգես Սուրենյանցի հոբելյանական ցուցահանդեսը (լուսանկարներ)
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ, գծանկարիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1921) ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, մշակույթի գործիչներ։
«Այսօր պետական հանձնաժողովի կողմից Սուրենյանցի 150–ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների ցանկի մեջ համար մեկ միջոցառումն է»,– ասաց վարչապետը՝ նշելով, որ գեղանկարչի ժառանգությունը շատ է կարևորվում։
Նա նշեց, որ Սուրենյանցը դասվում է համաշխարհային կարգի արվեստագետների շարքին։ «Այս հարցում մենք լուրջ անելիքներ ունենք՝ պատշաճ ձևով ներկայացնենք Սուրենյանցին աշխարհին»,– ասաց նա։
Վարչապետն ասաց, որ երբ նա ավելի խորն է ծանոթացել Սուրենյանցի ստեղծագործությանը, նրան զարմացրել է մի հանգամանք։ «Ես իմացա, որ կյանքի ընթացքում Սուրենյանցը ունեցել է մեկ անհատական ցուցահանդես՝ 1901թ. Բաքվում։ Այսօր մեր կողմից կազմակերպված միջոցառումը բացառիկ է»,– նշեց վարչապետը։

Իր հերթին պատկերասրահի գիտական մասով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը հավելեց, որ Սուրենյանցը ոչ միայն գեղանկարիչ ու գծանկարիչ էր։ «Նա թատերական նկարիչ էր, ճարտարապետ, թարգմանիչ, գրականագետ։ Մի խոսքով՝ մի մեծ տիեզերք», – ասաց նա՝ նշելով, որ Սուրենյանցը շատ լավ կրթություն էր ստացել։
Հարությունյանի խոսքով՝ Սուրենյանցը ստեղծագործում էր շատ ակտիվ ժամանակաշրջանում, երբ նոր էին զարգանում գեղանկարչության զանազան ոճեր։ «Սակայն նա չընկավ նրանց ազդեցության տակ, իհարկե վերցնելով ինչ–որ մի մաս՝ ինքը Սուրենյանցը մնաց»,– ասաց նա։

Նշենք, որ պատկերասրահի 7 սրահներում հանրության ուշադրությանը ներկայացվեցին գեղանկարչի՝ տարբեր թանգարաններում ներկայացված ստեղծագործությունները։ Այսպես, առաջին անգամ պատկերասրահը ցուցադրեց Սուրենյանցի թանգարանային ժառանգության ողջ հավաքածուն (գեղանկար, գծանկար, թատերական նկարչություն)` ավելի քան 200 ստեղծագործություն:
Ցուցահանդեսը կտևի 3 ամիս։










