Նկարիչների միությունում կբացվի «Դիմահանդես №2010»

11:38 • 27.11.10

Այսօր Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի Լիլիթ Ստեփանյանի «Դիմահանդես №2010» առաջին անհատական ցուցահանդեսը։ Նկարիչների միության փոքր սրահում կցուցադրվեն Ստեփանյանի 20 դիմակներ և 10 էսքիզներ։

«Որպես բեմանկարիչ՝ ինձ ավելի մոտ են թատերական ոգով արված աշխատանքները»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց դիմակների հեղինակը։

Ըստ Ստեփանյանի՝ իր դեկորատիվ աշխատանքները հայկական թեմաներով են։ «Հայկական են ոչ միայն գույները, այլ նաև տրամադրությունը և դիմակների զարդարանքը»,– պարզաբանեց նա։

Այդ հայկական տրամադրությունը, Ստեփանյանի կարծիքով, նկատելի է ոչ միայն տեղացիների, այլ նաև երկրի հյուրերի համար։

«Այս գործելաոճը չունի իր սահմանափակումները. դիմակն իր էությամբ ավելի ծավալուն է, այն կարելի է դիտել տարբեր տեսանկյուններից», – ասաց նկարչուհին։

Ստեփանյանն այս ցուցահանդեսը նվիրում է իր վարպետի՝ վաստակավոր բեմանկարիչ Գրիշա Սահակյանի հիշատակին։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 3–ը։