Մահացել է ամերիկացի դերասան Լեսլի Նիլսենը

14:52 • 29.11.10

Կյանքից հեռացել է 84–ամյա ամերիկացի կատակերգու դերասան Լեսլի Նիլսենը:

Ինչպես կանադական ռադիոկայանին պատմել է Նիլսենի զարմիկը, դերասանը վախճանվել է նոյեմբերի 28–ին՝ «ընկերների ու ընտանիքի անդամների շրջապատում»։ Նրա մահվան պատճառները չեն հաղորդվում։

Լեսլի Նիլսենը ծնվել էր 1926–ին Կանադայում։ Նա առաջին անգամ էկրաններին է հայտնվել1950–ականներին՝ նկարահանվելով մի քանի հեռուստաշոուներում և գովազդային հոլովակներում։

Նիլսենը նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում, այդ թվում՝ աղետ-ֆիլմ ««Պոսեյդոնի» արկածները» (1972թ), սակայն դերասանին մեծ հռչակ են բերել կատակերգություններում նրա մարմնավորած դերերը, ինչպես, օրինակ, «Մերկ ատրճանակը» և «Սավառնակը»։ Իսկ 2003 և 2004թթ. Նիլսոնը մարմնավորել է ԱՄՆ նախագահին՝ «Շատ սարսափելի ֆիլմի» 3-րդ և 4-րդ կինոնկարներում։