Պիկասոյի որդին իր հոր նախկին էլեկտրիկին մեղադրում է ավելի քան 270 աշխատանք յուրացնելու համար
Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի որդին դատի է տվել իր հոր մոտ մի քանի տարի որպես էլեկտրիկ աշխատած մի թոշակառուի՝ նրան մեղադրելով 60 մլն եվրո ընդհանուր արժողությամբ Պիկասոյի ավելի քան 270 աշխատանք յուրացնելու համար։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Նման «գանձի» գոյության մասին, որը բաղկացած է մինչ այժմ անհայտ նկարներից, ուրվանակարներից և նոթատետրերից, Կլոդ Պիկասոն իմացել է միայն սեպտեմբերին։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ արվեստի այդ գործերի համար իսկության հավաստագիր գրելու խնդրանքով դիմել էր ֆրանսիացի մի ծեր զույգ։
Նախկին էլեկտրիկը հայտնել է, որ իրեն արվեստի այդ գլուխգործոցները նվիրել է նկարիչը, սակայն Կլոդ Պիկասոն չի հավատում, որ իր հայրը կարող էր ուղղակի «վատնել» այդքան նկարներ, որոնց վրա նա աշխատել էր իր ողջ կյանքի ընթացքում։
Ինչպես հայտնում է ֆրանսիական Liberation թերթը, արվեստի այդ գործերը թվագրվում են 1900– 1932թթ., որոնց թվում են կուբիզմի ոճով 9 կոլաժ, գուաշային աշխատանքներ, վիմագրություններ, ինչպես նաև նրա առաջին կնոջ՝ Օլգայի դիմանկարները։










