Մահացել է Բելլա Ախմադուլինան

10:25 • 30.11.10

74 տարեկան հասակում մահացել է 20–րդ դարի խոշորագույն ռուս բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինան։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։

ՌԴ նախագահն ու վարչապետը ցավակցություն են հայտնել բանաստեղծուհու հարազատներին և ազգականներին՝ նրա մահվան կապակցությամբ։

Բանաստեղծուհին երկար ժամանակ տառապում էր աչքերի ծանր հիվանդությամբ, ինչը նրան թույլ չէր տալիս վերջին ժամանակներս շատ գրել, քանի որ գրեթե ոչինչ չէր տեսնում։

Ախմադուլինայի առաջին ամուսին, բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի կարծիքով՝ Բելլան ոչ միայ մեծ բանաստեղծուհի էր, այլ նաև քաղաքացիական վեհանձնության օրինակ։

«Նա միշտ անվախ կերպով պաշտպանել է նրանց, ովքեր հայտնվել են դժվար իրավիճակում։ Երիտասարդ պոետները պետք է հասկանան, որ եթե ցանկանում են դառնալ մեծ անկախ պոետներ, Ռուսաստանի ձայներ, բանաստեղծական վարպետությունը պետք է անբաժան լինի քաղաքացիական խղճից»,– ասել է Եվտուշենկոն։

Ախմադուլինան ծնվել է 1937 թ. ապրիլի 10–ին Մոսկվայում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ 1960թ. ավարտել է Մոսկվայի Ա. Մ. Գորկու անվան գրականագիտության ինստիտուտը։ Նրա բանաստեղծությունների առաջին հավաքածուն՝ «Նվագալարը», լույս է տեսել 1962 թ.,իսկ «Այգի» ժողովածուի համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

1964–ին Ախմադուլինան «Живет такой парень» կինոնկարում մարմնավորել է լրագրողուհու։

Ախմադուլինան մասնակցել է նաև «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը։ Նրա գրչին են պատկանում նաև ժամանակակից գրողների մասին հիշողություններ, ինչպես նաև էսսե Ա. Պուշկինի և Մ. Լերմոնտովի մասին։