Վերահրատարակվել է հրեա դիվանագետի մենագրությունը Ադանայի կոտորածների մասին

14:01 • 30.11.10

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում բնակվող հրեա դիվանագետ–ճանապարհորդ Ֆերիման Դաքետի Ադանայի կոտորածներին անդրադարձող մենագրության վերահրատրակման շնորհանդեսը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ «Երիտթուրքերը և ճշմրտությունն Ադանայի ողջակիզման մասին» գիրքը սկիզբ կհանդիսանա «Կիլիկյան մատենաշարի» ստեղծման համար։
Ըստ Դեմոյանի՝ մենագրությունը գրվել է 1909թ., այդ ժամանակահատվածում ճանապարհորդային նոթերի գրառումը շատ տարածված էր։

«Առաջին անգամ նմանատիպ գրքում օգտագործվում է Հոլոքոստ եզրույթը (ողջակիզում), քանի որ այդ ժամանակ գլխավոր զենքը կերոսինն էր»,– ասաց Դեմոյանը։

Տնօրենը նշեց, որ գրքի առաջին հրատարակությունը հնարավոր չէ գտնել ոչ մի գրախանութում։ «Գրքասերները պատրաստ են վճարել տասնյակ հազարավոր դոլարներ այս գիրքը գնելու համար։ Այն պարունակում է իր մեջ ականատեսի հուշերը 1909թ. տեղի ունեցած կիլիկյան աղետի մասին»,– ասաց նա։ Ըստ Դեմոյանի՝ գիրքը հնարավոր է գտնել միայն խոշոր գրադարաններում։

«Երիտթուրքերը և ճշմրտւթյունն Ադանայի ողջակիզման մասին» գրքի վերահրատարակման գործում իր աջակցությունն է ցուցաբերել «ՎիվաՍել–ՄՏՍ» բջջային օպերատորը։ Ընկերությունը հատկացրել է 9 մլն դրամ՝ թանգարանային և ցուցադրության միավորների՝ գրքերի, նամակների, նկարների և այլ նմուշների ձեռք բերման համար։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին աջակցելու նպատակով իրականացված նվիրատվության համար «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն արժանացավ շնորհակալագրի, որը տպագրվել է նահատակների հիշատակին խոնարհված ապրիլքսանչորսյան ծաղիկների թերթերից պատրաստված հատուկ թղթի վրա։