Հարրի Փոթերը Մեծ Բրիտանիայում ամենահարուստ երիտասարդն է
Դենիել Ռեդկլիֆը ճանաչվել է Մեծ Բրիտանիայում մինչև 30 տարեկան ամենահարուստ մարդը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Ըստ պարբերականի՝ Հարրի Փոթերի դերակատարի կարողությունը կազմում է ավելի քան 46 մլն ֆունտ։ Այդ կարողության մի մասը 21-ամյա դերասանը վաստակել է թատրոնում, այդ թվում՝ Բրոդվեյում խաղացած դերերի շնորհիվ։
Երիտասարդ միլիոնատերերի ցանկում երկրորդ տեղում է Կիրա Նայթլին, որը 25 տարեկան է և վաստակել է 30,1 մլն ֆունտ։ Այդ գումարի մեծ մասը դերասանուհին ստացել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆինանսապես հաջողակ ֆիլմերում դերակատարման համար, ինչպես նաև Chanel-ի հետ պայմանագրի շնորհիվ։
Երրորդ տեղում Էմմա Ուոթսոնն է։ 20-ամյա դերասանուհու կարողությունը գնահատվում է 20,6 մլն ֆունտ։ Ինչպես և Ռեդկլիֆի պարագայում, այս միջոցների մեծ մասը ստացվել է Հարրի Փոթերում Հերմիոնա Գրեյնջերի դերը խաղալու դիմաց։ Բացի այդ, Ուոթսոնը գովազդում է Chanel-ն ու Burberry-ն։
Չորրորդ տեղում Փոթերի մասին ֆիլմի երրորդ դերասանն է՝ Ռուպերտ Գրինը (22 տարեկան)՝ ավելի քան 19 մլն կարողությամբ։ Առաջին հնգյակը եզրափակում է «Մթնշաղ» սագայի գլխավոր դերակատար Ռոբերտ Փաթիսոնը, որը 24 տարեկան հասակում 18,4 մլն ֆունտի կարողություն է դիզել։










