Թուրքիայում հայ լուսանկարչի անունով պողոտա անվանակոչվեց

16:48 • 01.12.10

Թուրքիայի Գիրեսուն նահանգի Շապին Գարահիսար քաղաքի պողոտաներից մեկն անվանակոչվել է համաշխարհային ճանաչում ունեցող պոլսահայ լուսանկարիչ և ֆոտոլրագրող Արա Գյուլերի անունով։

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պողոտայի բացումն անձամբ կատարել է Արա Գյուլերը, որի նախնիները Շապին Գարահիսարից են։ Բացման արարողությանը ներկա է գտնվել անձամբ Շապին Գարահիսարի քաղաքապետը։
Արա Գյուլերը, ով հայտնի է նաև «Ստամբուլի աչք» մականունով, իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների։ Նա 2000թ. Թուրքիայում ճանաչվել է «Դարի լավագույն լուսանկարիչ»։ Իսկ 2009թ. Գյուլերին շնորհվել է Lucie մրցանակը, որը համարվում է լուսանկարչության ոլորտի Օսկարը:

Արա Գյուլերը լուսանկարել է այնպիսի նշանավոր քաղաքական և մշակութային գործիչների, ինչպիսիք են Բերտրան Ռասսելը, Ուինսթոն Չերչիլը, Առնոլդ Թոյնբին, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին և ուրիշներ: Նրա լուսանկարները ներկայացվում են աշխարհի ամենահայտնի ցուցահանդեսներում: