Կալինինգրադում պղծվել է Վուդի Ալենի դեռևս չբացված քանդակը

19:13 • 02.12.10

Կալինինգրադում վանդալները պղծել են ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալենի դեռևս չբացված հուշարձանը։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։

Ալենի՝ իր հայտնի ակնոցը բռնած ձեռքի տեսքով քանդդակը տեղադրվել էր «Զարյա» կինոթատրոնի արտաքին պատի վրա. ակնոցի միջով կարելի էր տեսնել պատին պատկերված ռեժիսորի ստվերանկարը։

Ինչպես հայտնել են կինոթատրոնում, անհայտ անձինք փորձել են երկաթե ակնոցը սղոցել, սակայն ինչ–որ բան խանգարել է նրանց։ Այդուհանդերձ, վերանորոգման նպատակով արձանի ապամոնտաժման ժամանակ ռեժիսորի ակնոցը կոտրվել է։

«Վարպետները նորոգել են ակնոցը, սակայն դրանք բռնած Վուդի Ալենի ձեռքը այժմ կտեղադրվի կինոթատրոնի ներսում։ Այլևս ռիսկի չենք դիմի, մանավանդ, որ նախագիծը համաձայնեցնելիս ռեժիսորն ինքն էլ անհանգստանում էր արձանի ճակատագրով»,– ընդգծել են կինոթատրոնում։

Նշենք, որ քանդդակի բացումը նախատեսվում էր դեկտեմբերի 1-ին։ Կալինինգրադում (նախկին անունը՝ Կյոնիգսբերգ) այն տեղադրելը պայմանավորված է նրանով, որ Վուդի Ալենի իսկական անունը Ալեն Ստյուարտ Կյոնիգսբերգ է. ռեժիսորն անձամբ է հաստատել այդ նախագիծը։