Սալվադոր Դալիի գործերը կցուցադրվեն Ազգային պատկերասրահում

14:45 • 02.12.10

Հայաստանի ազգային պատկերասրահը բանակցություններ է վարում արտասահմանյան արտ–մենեջերների հետ՝ Երևանում սյուրռեալիստների գործերի ցուցահանդես կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց պատկերասրահի տնօրեն Ֆարավոն Միրզոյանը՝ ներկայացնելով 2011թ. ծրագրերը։

Ըստ նրա՝ ցուցահանդեսը նախնական պայմանավորվածությամբ կանցկացվի մայիսին։ Երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կներկայացվեն Սալվադոր Դալիի և այլ սյուրռեալիստների գործեր։ Կներկայացվեն ֆրանսիացի, հոլանդացի և գերմանացի նկարիչների գլուխգործոցները։

Ամփոփելով 2010 թվականը՝ Փարավոն Միրզոյանը նշեց, որ այն շատ բնորոշ և աշխատատար էր պատկերասրահի համար։ Պատկերասրահի կողմից կազմակերպված ցուցահանդեսների շարքում նա ընդգծեց Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում կազմակերպված «Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում…» խորագրով ցուցահանդեսը և վերջերս Երևանում բացված Վարդգես Սուրենյանցի 150–ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Բացի այդ, անցնող տարվա ընթացքում կազմակերպվել են մի շարք հոբելյանական ցուցահանդեսներ, այս թվում Վաղարշակ Էլիբեկյանի և Հովսեփ Կարալյանի 100–ամյակներին նվիրված ցուցահանդեսներ։