Սա աշխարհի լավագույն երկիրն է. Պլասիդո Դոմինգոն Երևանում է (տեսանյութ)

18:55 • 02.12.10

«Հայաստան իմ այցելությունը վաղուց էր նախատեսվում, բայց չէր ստացվում»,– այսօր Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն, որը Երևանում է «Երևանյան հեռանկարներ» 11–րդ երաժշտական փառատոնի շրջանակում։ Օպերային երգիչը գոհ է հայաստանյան ընդունելությունից՝ նշելով, որ իր և իր թիմի համար մեծ պատիվ է Հայաստանում լինելը, որտեղ պատվով են ընդունել իրենց։ «Երեկ ինձ ընդունեց վարչապետը, այսօր՝ ԱԺ նախագահը»,– ասաց Դոմինգոն։ Ի դեպ, իսպանացի օպերային երգչին ԱԺ մուտքի մոտ դիմավորեց հաշմանդամների «Փարոս» երգչախումբը՝ իր կատարումներով։

Օպերային երգիչը վաղը Երևանում հանդես է գալու համերգով։ «Վաղը յուրօրինակ համերգ է լինելու, երեք սերունդներ են ներկայացված լինելու այնտեղ։ Ես կերգեմ Բարսեղ Թումանյանի հետ, որի հետ շատ տարիներ առաջ Եվրոպայում արդեն երգել եմ։ Համերգին կմասնակցի նաև ձեր հայրենակից սոպրանո Ռոզի-Անուշ Սվազլյանը, որը երիտասարդ և շատ խոստումնալից սոպրանո է։ Եվ վաղվա համերգի դիրիժորներն են լինելու Իսլեյ Յուրսկին և Էդուարդ Թոփչյանը»,– ասաց Պլասիդո Դոմինգոն։

Հռչակավոր երգիչը հատուկ շեշտեց, որ ինքը դեռ մանկուց է ծանոթ հայերին և Հայաստանին։ «Իմ երկու ծնողներն էլ երգիչ են եղել, և երբ ես փոքր էի, մայրս երգեցողության դասեր էր վերցնում մադամ Բաբայանից Փարիզում, և այդ ժամանակ արդեն ես ծանոթ էի հայերի հետ»,– պատմեց Դոմինգոն՝ հույս հայտնելով, որ հայ հասարակությունը կողջունի վաղվա համերգը։

Հայկական ընդունելությունից շոյված արտիստը նշեց, որ հայաստանյան այցելությունից հետո ինքը կերաշխավորի, որ այլ մարդիկ էլ այցելեն Հայաստան։

Իսպանացի տենորը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացահայտեց նաև ձայնի գաղտնիքը։ «Իսպաներենում ձայնը իգական սեռի գոյական է, և ինչպես ցանկացած իգական սեռի ներկայացուցչի, դուք նրան պետք է մեծ հոգատարությամբ վերաբերվեք։ Նա շատ խանդոտ է, պահանջում է՝ այս չանես, այն չանես, շատ չխոսես, ճիշտ ժամանակին կքնես, շատ բաներ չուտես։ Այնպես որ, պահանջկոտ երևույթ է ձայնը, և ես նրան համապատասխան վերաբերմունք եմ ցուցաբերել, նրան լավ եմ վերաբերվել, և, կարծում եմ, դա փոխադարձ է եղել։ Եվ ես հուսով եմ, որ այս իրավիճակում ես կարող եմ երգել ևս մի քանի տարի»,– հայտարարեց Պլասիդո Դոմինգոն։

Վերջում նկատելով, որ ասուլիսին մասնակցում են հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ՝ Պլասիդո Դոմինգոն եզրափակեց. «Սա աշխարհի լավագույն երկիրն է»։