Պլասիդո Դոմինգոն պարգևատրվեց ԱԺ Պատվո մեդալով

19:34 • 02.12.10

Այսօր ՀՀ Ազգային ժողով է այցելել «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն։

ՀՀ Ազգային ժողովում տենորին դիմավորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ ԱԺ ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ համերգային ծրագրով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կապակցությամբ հանրահռչակ իսպանացի տենորը պարգևատրվել է ԱԺ Պատվո մեդալով։

«Մեծարգո պարոն Դոմինգո, մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի Ազգային ժողովում հյուրընկալել Ձեզ նման համաշխարհային մեծության աստղի։ Հարգելի մաեստրո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ավանդաբար Պատվո մեդալի է արժանացնում գործունեության տարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների։ Երգարվեստի բնագառավում Դուք առաջինն եք արժանանում Հայաստանի խորհրդարանի բարձրագույն այս պարգևին այդ ոլորտում մարդկությանը մատուցած մեծ ծառայությունների համար։

Ուզում եմ հուսալ, որ Ձեր բարձր տիտղոսների ու պարգևների կողքին Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալը կունենա իր ուրույն տեղը` նկատի ունենալով, որ այն իր մեջ կրում է մեր ջերմ զգացումն ու երախտիքը Ձեր արվեստի նկատմամբ», – ասաց Աբրահամյանը։

Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի արժանանալու համար` Դոմինգոն նշել է, որ Հայաստան իր այցելությունը ուշացած է, քանի որ երկար ժամանակ ցանկություն է ունեցել այցելել Հայաստան։ Նա հույս է հայտնել, որ առաջին համերգը հիմք կդնի ապագա շարունակական ու գեղեցիկ նոր նախագծերի համար։

Լինելով Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծված «Եվրոպան միասին» ասոցիացիայի նախագահ` նա հորդորել է մշակութային հնագույն ժառանգություն ունեցող հայ ժողովրդին հետևողականորեն պահպանել այդ հարստությունը։ «Իմ և ասոցիացիայի անունից ես ուզում եմ հույս հայտնել, որ Կովկասի տարածաշրջանը, որը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում, կլինի խաղաղության և բարգավաճման կենտրոն, կկարողանա իր հազարամյա ժառանգությունը պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին։ Շատ շնորհակալություն և հուսով եմ, որ օրերից մի օր դուք կլինեք իմ հին ընկերները», – եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսպանացի տենորի համերգը։