Ռաբիսը սպառնում է ազգի գոյությանը. Բարսեղ Թումանյան
Երևանում է աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն: Դեկտեմբերի 3-ին երևանյան բացառիկ համերգին ելույթ կունենա նաև Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Բարսեղ Թումանյանը: Այդ կապակցությամբ «Կապիտալը» զրուցել է օպերային երգչի հետ:
-Պրն Թումանյան, լուրեր են շրջանառվում` Դուք եք նպաստել, որ Պլասիդո Դոմինգոն գա Հայաստան: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ես բացարձակապես կապ չունեմ Դոմինգոյի երևանյան այցի հետ: Ճիշտ է, մենք համատեղ երգել ենք, սակայն դա չի նշանակում, որ մեկ մարդու գործոնը պիտի ազդեր նրա գալու վրա: Նա շատ է լսել Հայաստանի մասին, սիրում է հայերին ու մեծ ուրախությամբ ու սիրով է ընդունել հրավերը: Նա շատ հայ ընկերներ ունի, որոնց թվում են շանսոնիե Շառլ Ազնավուրը, Պլասիդոյի պրոդյուսերը` Լևոն Սարյանը: Բացի այդ` նա աշխատում է Լոս Անջելեսի օպերային թատրոնում և բավական շատ բան գիտի մեր մասին նաև իր տղայի հայ ընկերների միջոցով: Համերգի կազմակերպիչը «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնն է: Որպես հատուկ հյուր` համերգին ներկա կգտնվի «Գրեմմիի» մրցանակակիր Անա Մարիա Մարտինեսը (սոպրանո): Ես համերգին որպես հյուր եմ հրավիրված և մեկ-երկու արիա կկատարեմ: Հրաշալի երեկո է սպասվում:
-Դուք նախկինում էլ երգել եք Դոմինգոյի հետ: Բեմից դուրս նրան ճանաչո՞ւմ եք: Ի՞նչ կարող եք ասել նրա մասին:
-Պլասիդոն սատանայական հմայքի տեր մարդ է: Ես չէ, որ պիտի ասեմ նրա համաշխարհային մասշտաբի հրաշալի, հոյակապ մարդ լինելու մասին: Այնքան համերգ, որ նա է տվել, աշխարհում որևէ մեկը չի ունեցել: Դա նա արել է շնորհիվ իր ներքին մեծ էներգիայի: Բեմից դուրս առիթներ եղել են նրա հետ շփվելու: Դոմինգոն անսահման բարի, հոյակապ անձնավորություն է:
-Ի՞նչ կասեք համերգի կարևորության մասին Ձեր ու հայ երաժշտասեր հասարակության համար:
-Դոմինգոյին ավելի վաղ էր առաջարկ արվել, բայց այդ վատ տարիներին համերգ կազմակերպել չստացվեց: Հասարակության ֆինանսական վիճակը թույլ չտվեց, հետո այդ տարիների ընթացքում բավական հետ գնացինք: Հիմա այդ մեծ արվեստագետի համերգը կարևոր է այն մարդկանց համար, որոնք դեռ գնահատում են բարձր արվեստը: Օպերային արվեստն իր ակունքներով եվրոպական հիմք ունի, ըստ այդմ էլ կարևորում եմ այս համերգը՝ բարձր արվեստը Հայաստանում ներկայացնելու առումով:
-Ըստ Ձեզ՝ Հայաստանում օպերային արվեստն ապագա ունի՞: Ինչպե՞ս եք տեսնում ռաբիսի դեմ պայքարը:
-Դա մեզանից է կախված: Ամենասարսափելի բանը, որ պետք է թույլ չտայինք, ռաբիսի տարածումն է: Դրան ուշադրություն չդարձրինք, բաց թողեցինք և չէինք էլ պատկերացնում, թե ինչ սարսափելի արատի հետ գործ ունենք: Ռաբիսը մեզ համար հավասար է քաղցկեղի, որը իր ճանկերը տարածում ու տարածում է: Եթե քաղցկեղը վերացնում է մարդկային կյանքը, ռաբիսը սպառնում է ազգի գոյությանը: Այսօր ռաբիս լսողները չափազանց շատ են: Ես չեմ վախենում ասել, որ ռաբիսն այսօր կրոն է դարձել: Եվ այդ խառնված երաժշտության կլկլոցները մեզ հավասարեցնում են ադրբեջանցիներին, ու չեմ հասկանում, թե ինչու ենք հիմա նրանց հետ պատերազմում: Ռաբիսը մեզանում ձևավորեց մի կրոն, դարձավ ապրելակերպ ու մտածողություն, ցեղակրոնության պես մի բան: Հիմա ամոթ է ռաբիս չլսելը: Մենք ունենք օպերային հիանալի գործեր, սակայն դրանք չեն հասնում հասարակությանը: Այսօր համերգասրահները տաշի-տուշիներ են հրամցնում, հեռուստատեսությունը Ասատրյաններին է ցուցադրում, այս կամ այն ռաբիս երգչի գովքն է անում:
Այնպես որ, եթե ուզում ենք պահել բարձր արվեստը, եթե ուզում ենք մտնել Եվրոպա, ապա դա պետք է անենք` հաղորդակցվելով եվրոպական արվեստին: Օպերան պետականորեն պետք է մատուցվի հասարակությանը: Այն բարձր արվեստ է: Հայաստանում օպերան ընդհանրապես չի գնահատվում որպես պետական արվեստի ձև: Ազգի հոգեկերտվածքի մաքրման ու բարձրացման համար բարձր արվեստը` օպերան, թատրոնը, ֆիլհարմոնիկ երաժշտությունը, կարևոր է: Մայրաքաղաքն առանց օպերայի ու թատրոնի մայրաքաղաք չէ, առհասարակ քաղաք չէ:
-Արդյոք հասարակության այն փոքր հատվածը, որ սիրում է օպերային արվեստը, կարո՞ղ է գնել 20-150 հազար դրամ արժողությամբ տոմսեր:
-Տոմսերի արժեքը որոշել է հովանավորը: Պարզ է, որ Դոմինգոյին այստեղ հրավիրելը մեծ ծախսերի հետ է կապված: Երաժիշտների համար շուրջ 200 աթոռ է ավելացվել, որ հնարավորություն ունենան լսել համերգը: Համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր կցանկանան ներկա գտնվել համերգին, կկարողանան ունկնդրել Դոմինգոյի երաժշտությունը:










