Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա «Փարոս» երգչախումբը

17:57 • 03.12.10

Այսօր երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա նաև հայ հաշմանդամների «Փարոս» երգչախումբը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց «Ունիսոն» հկ նախագահ Արմեն Ալավերդյանը։

«Հիմա մերոնք փորձ են անում Դոմինգոյի հետ։ Երեկոյան նրանք միասին կկատարեն տենորի երգացանկից մի ստեղծագործություն»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ հաշմանդամների «Փարոս» երգչախումբը դիմավորել էր Դոմինգոյին ԱԺ մուտքի մոտ։ Երգչախմբի անդամները կատարել էին տենորի համար Կոմիտասի ստեղծագործություններից։ Իր հերթին Դոմինգոն հրավիրել էր նրանց միասին հանդես գալ այսօրվա համերգին։

Ուրախությամբ խոսելով այս իրադարձության մասին՝ հկ–ի նախագահը հավելեց, որ «մշակույթը մեր երկրում ցավոք բոլորի համար չէ»։

Ըստ նրա՝ մայրաքաղաքի մշակութային վայրերից հաշմանդամություն ունեցող մարդկանց մուտքի համար հարմարեցված են միայն «Նարեկացի» արվեստի միությունը, Կամերային երաժշտության տունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։