ՄԱԿ–ի գրասենյակում բացվեց հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռարվեստի գործերի ցուցահանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

14:25 • 03.12.10

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ–ի երևանյան գրասենյակում այսօր բացվեց «Փյունիկ» հաշմանդամների միության օժտված երեխաների և մեծահասակների ձեռարվեստի և արվեստի գործերի ցուցահանդեսը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, նմանատիպ ցուցահանդեսը կազմակերպվում է 3–րդ տարին անընդմեջ։ Ցուցահանդեսին իրենց աշխատանքները ներկայացրել են տարբեր տարիքային խմբերի մարդիկ։

Այսպես, ՄԱԿ–ի սրահում ներկայացված են ոչ միայն գեղանկարչություն, այլև ասեղնագործություն, փայտագործություն։ Ներկայացված գործերից ուշագրավ են Ամանորի թեմայով աշխատանքները։

«Միությանը կից գործում է արվեստների և արհեստների ուսուցման կենտրոն, բավականին մեծ քանակով երիտասարդներ և երեխաներ են հաճախում։ Կենտրոնի գործունեությունը մեկ տարվա կտրվածքով մենք ամփոփում ենք դեկտեմբերի 3–ին։ Այսպիսի միջոցառումներով մենք հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց հասարակության լիարժեք անդամ զգան»,– ասաց նա։

Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 9–ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կբացվի կետնտրոնի 7 երիտասարդ ստեղծագործների աշխատանքների ցուցահանդեսը։ Այդ միջոցառմանը կմասնակցեն նաև երիտասարդ երաժիշտներ։

Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 5–ը։