«Նարեկացի» արվեստի միության նախագահը պարգևատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով

11:27 • 04.12.10

Դեկտեմբերի 3-ին Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային նվիրված հատուկ միջոցառում` «Միանանք հանուն հավասար հնարավորությունների» խորագրով:

Այդ օրվա առթիվ և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման գործում Երևանում և Շուշիում ունեցած նշանակալի ավանդի համար «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը պարգևատվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

«Նարեկացի» արվեստի միությունում գործում են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամություն ունեցող մարդկանց ազատ տեղաշարժման համար: Կենտրոնի առաքելություններից մեկն է` ստեղծել հավասար պայմաններ բոլորի համար և դրանով իսկ նպաստել հաշմանդամություն ունեցողների` հասարակությանը լիարժեք ինտեգրվելուն: