Ֆիլիպի արկածները. Կիրկորովին մեղադրում են կնոջը ծեծելու համար

00:23 • 07.12.10

Золотой граммофон – 2010 մրցանակաբաշխության արարողության երկրորդ ռեժիսորը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրեն ծեծել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», Մարինա Յաբլոկովան Մոսկվայի ներքին գործերի քաղաքային վարչության պետի անունով հայտարարություն է գրել:

Կնոջ փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա խնդրել է Կիրկորովի նկատմամբ գործ հարուցել: Յաբլոկովան պնդում է, որ երգիչը վիրավորել է ու ծեծել իրեն:

Փաստաբանը պատմել է, որ իր հաճախորդի և Կիրկորովի միջև բախումը տեղի է ունեցել Կեմլի պալատում, որտեղ Золотой граммофон-ում ելույթ ունենալուց առաջ երգիչը կատարում էր իր համարի փորձը: Կիրկորովին դուր չի եկել, որ իր աչքերը կուրացրել է լուսարձակը, և նա կոպիտ ձևով է արտահայտել իր դժգոհությունը Յաբլոկովային, որը պատասխանատու էր տեխնիկական ապահովման համար:

«Յաբլոկովան հանգիստ խնդրել է Կիրկորովին սպասել, մինչև լույսը կհեռացվի, ինչին ի պատասխան Կիրկորովը բարկացել է` բարձրախոսով անվայել վիրրավորելով: Այդ ժամանակ Մարինան վրդովվել է և խնդրել Ֆիլիպին դադարել իրեն վիրավորել: Ֆիլիպը կատաղել է և «Ես քեզ կսպանեմ» գոռալով վազել է նրա կողմը և ձեռքով հարվածել նրա դեմքին»,- պատմել է փաստաբանը:

Փաստաբանի տվյալներով` հարվածից կինն ընկել է, ինչից հետո Կիրկորովը սկսել է հարվածել նրան ոտքերով, մինչև նրան խանգարել են կատարվածի ականատեսները:

Ժորինը պատմել է նաև, որ իր հաճախորդը կորցրել է գիտակցությունը, իսկ ավելի ուշ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում և բազմաթիվ հեմատոմաներ:

2004թ. օգոստոսին Ֆիլիպ Կիրկորովը դատվել է քրեական հոդվածով: Այն ժամանակ Դոնի Ռոստովի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել լրագրողուհի Իրինա Արոյանին հրապարակավ վիրավորելու համար և դատապարտել 60 հազար ռուբլու տուգանքի: