Եվրախորհրդարանում ցուցադրված «21-րդ դարի վանդալիզմը` Ջուղա» ֆիլմը հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը
Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստի առաջին օրը ցուցադրված «21-րդ դարի վանդալիզմը` Ջուղա» ֆիլմը հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան խմբի անդամները:
Ինչպես նշեց հանձնաժողովի համանախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հանձնաժողովի 11-րդ նիստի հենց առաջին օրը իրենք կարողացան ցուցադրել նշված ֆիլմը` Եվրախորհրդարանի իրենց գործընկերների հետ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով: «Դա, կարծում եմ, շատ լուրջ տպավորություն թողեց»,- հայտարարեց Զոհրաբյանը` տեղեկացնելով, որ ֆիլմի ցուցադրումից հետո Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Եվրախորհրդարանին:
Այդուհանդերձ, հայ օրենսդիրները նման ֆիլմի ցուցադրումը հաջողություն են համարում, քանի որ այդպիսով հնարավոր եղավ ևս մեկ անգամ ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը:
Նշենք, որ ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-2-ին` Բրյուսելում:










