Այսօր Ջոն Լենոնի հիշատակի օրն է. սպանությունից անցել է 30 տարի
Նյու Յորքը դեկտեմբերի 8–ին հարգանքի տուրք է մատուցում լեգենդար երաժիշտ, Beatles խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի հիշատակին։ Այս մասին հայտնում է Корреспондент.net–ը։
1980թ. այս օրը Լենոնը սպանվեց ամերիկացի Մարկ Չեպմենի կողմից մեջքի հատվածում ստացած 5 կրակոցից։ Վերջինս մեղսունակ ճանաչվեց և դատապարտվեց ցմահ բանատարկության։
Կրակոցները հնչել են 22։50–ին, երբ Hit Factory ձայնագրման ստուդիայից վերադառնալիս Լենոնը իր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ մտնում էր Դակոտայի իր տան կամարի տակ։ 25 րոպե անց բժիշկները հաստատեցին շատ արյուն կորցնելու հետևանքով Ջոն Լենոնի մահը, որը երկու ամիս առաջ էր բոլորել իր 40 տարին։
Նրա մարմինը հողին չհանձնվեց. դիակիզումից հետո նրա աճյունը պահում է Յոկո Օնոն։
Սակայն Strawberry Fields-ը, որը գտնվում է այն տան կենտրոնական այգում, որտեղ ապրել է Լենոնը, համարվում է երաժշտի հուշատեղին։ Յոկոն մեկ մլն դոլար ծախսեց այդ հուշատեղին կառուցելու համար։ Իսկ անունը՝ Strawberry Fields, տրվեց Strawberry Fields Forever երգի հիման վրա, որը գրվել է 1966 թ., երբ աշխարհը պատեց «բիթլզամոլությունը»։
Ավանդույթի համաձայն, այս օրը այդտեղ հնչում են Լենոնի տարբեր տարիների երգերը՝ պրոֆեսիոնալների և ոչ պրոֆեսիոնալների կատարմամբ։
Իսկ Նյու Յորքը բրիտանացի երաժշտին ճանաչել է քաղաքի ամենաերևելի որդիներից մեկը։
2006 թվականից սկսած անցնող տարվա վերջին րոպեներին Նյու Յորքի «Թայմս սքուեըր» հրապարակում հնչում է Imagine–ը՝ որպես ազատության, հավասարության, սիրո և երազանքի հիմն։
Եվ Imagine–ը միակ բառն է, որ փորագրված է Լենոնի հուշատեղիի խճանկարի վրա։










