Ուկրաինայում ադրբեջանցիներին վրդովեցրել է արցախյան լուսանկարի տակ «Հայաստան» մակագրությունը
Դեկտեմբերի 7-10-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվող «Եվրոպայի և Ասիայի լրատվամիջոցների ֆորում»-ի շրջանակներում ռուսական РИА Новости գործակալությունը կազմակերպել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի (հետխորհրդային ողջ տարածքի) լուսանկարիչների ցուցահանդես:
Светопись խորագրով ցուցահանդեսում ամենամեծ ցուցադրություններից մեկը նվիրված է եղել տաղանդավոր հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի գործերին:
Ներկայացված տասնյակ լուսանկարներից երկուսը վերաբերել են Արցախին` ԼՂՀ Մարտակերտի շրջանին, որոնք մակագրված են «Լքված գերեզման Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում, Հայաստան, 1993» և «Լքված գյուղ Մարտակերտի շրջանում, Հայաստան, 1993»:
Միջոցառման երկրորդ օրը միջոցառման մասնակից հայ պատվիրակներն արձանագրել են, որ Ռուբեն Մանգասարյանի հիշյալ լուսանկարների մակագրությունները պատռված են: Հայ պատվիրակների վրդովմունքին ի պատասխան՝ միջոցառման կազմակերպիչները խոստացել են վերականգնել մակագրությունները` «Հայաստան» տեղանունը փոխարինելով «Ղարաբաղ»-ով: Քիչ անց մակագրությունները վերականգնվել է:










